ՀՀ կառավարությունը 2017-2022 թվականներին նախատեսում է սեփական եկամուտների ամբիցիոզ աճ: Այդ մասին գործադիրի նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը: «Մենք սեփական եկամուտների բավականին ամբիցիոզ աճ, շատ կոշտ հաստատուն ծախսերի կառավարում ենք նախատեսում», - ասաց վարչապետը:
Կարեն Կարապետյանը կառավարության անդամներին հանձնարարեց տնտեսված միջոցներն ուղղել դեպի տնտեսական աճ ապահովող ծրագրեր։ «Բավականին դժվար իրագործելի հայտանիշներ ենք սահմանում հարկեր-ՀՆԱ հարաբերակցության ուղղությամբ, մեր արտաքին պարտքի կայունության վերաբերյալ, դեֆիցիտի ուղղությամբ պահանջվելու է բոլորիցս մաքսիմալ համակարգված աշխատանք», - նշեց Կարեն Կարապետյանը։
Կառավարությունը հավանություն է տվել 2018-2020թթ. պետական միջնաժամկետ ծախսային ծրագրին: ՀՀ 2018-2020 թվականների պետական միջնաժամկետ ծախսերի ծրագիրը հիմք կծառայի ՀՀ 2018 թվականի պետական բյուջեի նախագծի մշակման աշխատանքների համար, ինչպես նաև` ընկալելի կդարձնի ինչպես պետական կառավարման մարմինների, այնպես էլ` հանրության համար կառավարության առաջիկա երեք տարվա հարկաբյուջետային քաղաքականության գերակայությունները և ծախսային քաղաքականության ռազմավարությունը: