Ազգային ժողովում, այսօր, ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ 5 տոկոս տնտեսական աճը բավականին լուրջ ցուցանիշ է. «Տարբեր մարդիկ տարբեր գնահատականներ կարող են տալ աճի թվի հետ կապված: Ամեն ինչ կախված է նրանից, թե ինչ տիպի քաղաքականություն ես վարում: Եթե խելամիտ, թափանցիկ քաղաքականություն վարես և եթե քո արած քայլերը լինեն պրոֆեսիոնալ ու անաչառ, ապա ամեն ինչի էլ հնարավոր է հասնել: 5 տոկոսը քիչ է, թե շատ, մի քիչ դժվար է ասել, բայց այսօր աշխարհում 5 տոկոսը բավականին լուրջ ցուցանիշ է», - ասաց նա:
Հարցին, եթե վիճակն այդքան լավ է, ապա ինչո՞ւ են մարդիկ արտագաղթում, Ջավադյանն ասաց. «Մարդիկ գնում են բոլոր երկրներից: Գնում են ավելի լավ ապրուստի տեղ գտնելու համար»:
Նա նաև ընդգծեց, որ Կենտրոնական բանկը 2014 թ. հետո 4.5 տոկոսով իջեցրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը, ինչը նպաստել է տնտեսության զարգացմանը և 0-ից բարձր մակարդակում տնտեսական աճի ձևավորմանը: