Հայաստանում 2016թ. ընթացքում ՀՀ իրավասու մարմինների կողմից կոռուպցիոն և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների դեպքերի առթիվ նախապատրաստվել է 2247 նյութ: Ազգային ժողովում Հայաստանի Հանրապետության դատախազության 2016 թվականի գործունեության մասին հաղորդման քննարկման ընթացքում այս մասին հայտնեց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը: «2015թ. կոռուպցիոն և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների դեպքերի առիթով նախապատրաստվել է 2483 նյութ: Հիշյալ դեպքերի առթիվ նախապատրաստված նյութերի քանակը նախորդ տարվա համեմատ նվազել է 236-ով կամ 9.5%-ով, իսկ դրանցով հարուցված քրեական գործերի քանակը նախորդ տարվա համեմատ նվազել է 33-ով կամ 2.3%-ով»,- նշեց Արթուր Դավթյանը:
2016թ. ընթացքում հարուցված 731 (2015թ` 568) կոռուպցիոն բնույթի քրեական գործերից 55-ը (2015թ.` 40) վերաբերել է պաշտոնեական դիրքի օգտագործմամբ կատարված հափշտակություններին, 216-ը՝ (2015թ` 100) հարկերը, տուրքերը կամ պարտադիր այլ վճարումները վճարելուց չարամտորեն խուսափելուն, 50 քրեական գործ (2015թ` 33)՝ առևտրային կամ այլ կազմակերպությունների ծառայողների կողմից լիազորությունները չարաշահելուն, 98-ը (2015թ` 113)՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելուն, 35-ը (2015թ` 32)՝ կաշառք ստանալուն, 6-ը՝ հանրային ծառայողի կողմից ապօրինի վարձատրություն ստանալուն (2015թ` 1), 64-ը (2015թ` 71-ը)՝ նախատեսված` պաշտոնեական կեղծիքին:
2016թ. ավարտվել է (կարճվել կամ մեղադրական եզրակացությամբ դատարան է ուղարկվել) կոռուպցիոն և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների դեպքերի առթիվ հարուցված 1119 գործ (2015թ.՝ 814), 973 քրեական գործի վարույթ կարճվել է (2015թ.` 641), որոնցից 874-ը՝ արդարացման (2015թ` 561), 99-ը՝ ոչ արդարացման հիմքով (2015թ.` 80):
Արթուր Դավթյանը հայտնեց, որ մեղադրական եզրակացությամբ դատարան է ուղարկվել 146 քրեական գործ 271 անձի նկատմամբ, որոնցից 39-ը գտնվել է նախնական կալանքի տակ (2015թ.՝ 173 գործով 277 անձ, որոնցից 59-ը գտնվել է կալանքի տակ):