Հուլիսի 7-ին ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանն ընդունել էր Հայաստան ժամանած Շանհայի միջազգային հետազոտությունների ակադեմիայի պատվիրակությանը: Կողմերը խոսել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող որոշ հարցերի շուրջ` առավելապես, սակայն, կենտրոնանալով «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» չինական մեգա նախագծի վրա: Վերջինս Չինաստանի կողմից առաջ քաշված աշխարհատնտեսական պրոյեկտ է, որն, ըստ էության, նպատակ ունի ընդլայնելու Չիանստանի ազդեցությունը Եվրասիա մայրցամաքում:Սրան զուգահեռ էլ ՉԺՀ պաշտպանության նախարարության պաշտպանական քաղաքականության ոլորտի մասնագետների պատվիրակությունն էր այցելել Հայաստան`քննարկելու պաշտպանական քաղաքականության ոլորտում կողմերի փոխգործակցությանն առնչվող հարցեր:
Այստեղ, սակայն, մեկ այլ հարց է կարևոր` այն, թե ինչն էր իրականում չինացիներին բերել մեր երկիր: Չմոռանանք, որ այժմ տարածաշրջանի համար ամենևին էլ հեշտ ժամանակներ չեն, ու,բնականաբար, անհնար է այս ամենում չտեսնել հստակ աշխարհաքաղաքական հետք:
Պուտին-Թրամփ բանակցությունները, որոնց արդյունքների մասին, բնականաբար, դեռևս վաղ է հիմնավոր կարծիք հայտնել, ըստ էության` ցույց տվեցին, որ տեսանելի ապագայում ևս գերտերությունների միջև մրցակցությունը չի մեղմվելու. գոնե Լավրովի, Թիլերսոնի ասուլիսներից ստացված տպավորությունն այդպիսին է, ու թեպետ որոշ հարցերում չպետք է բացառել կողմերի միջև կառուցողական երկխոսության հնարավորությունը, սակայն ակնհայտ է, որ երկու երկրների ազգային շահերն այսօր հիմնական առումներով հակադիր են միմյանց, ինչն էլ իր հերթին նշանակում է, որ մեծագույն ցանկության դեպքում անգամ՝ գրեթե անհնար է լինելու ներկայում կողմերի միջև ձևավորված խիստ մրցակցային հարաբերությունները վերափոխել բարիդրացիական փոխգործակցության:
Իսկ այս ամենը նշանակում է մեկ բան` Ռուսաստանին վստահելի ու հզոր դաշնակիցներ են անհրաժեշտ, երկրներ, որոնք, ինչպես ասում են, ի վիճակի կլինեն ամուր պահել Մոսկվայի թիկունքը. Չինաստանն այս իմաստով կարող է անփոխարինելի դառնալ Ռուսաստանի համար: Արևմուտքի` աշխարհում ծավալվող հեգեմոնիայի միակ ու կենսունակ հակակշիռն այսօր ռուս-չինական տանդեմն է: Ճիշտ է` ոմանք այս երկու երկրների մեջ հաճախ միմյանց մրցակիցներ են տեսնում, բայց կյանքը ցույց է տալիս, որ ընդհանուր վտանգի առկայության պարագայում նույնիսկ ամենաոխերիմ մրցակիցներն էլ բարեկամանում են, համագործակցում. այժմ հենց նման մի ժամանակաշրջան է երկու երկրների հարաբերություններում:
Այս իմաստով, նկատենք, որ Անդրկովկասում Չնաստանի ակտիվացումն ու հայ-չինական հարաբերությունները մի նոր մակարդակի բարձրացնելու՝ Չինաստանի ձգտումը լիովին տեղավորվում է վերոհիշյալ տրամաբանության մեջ: Անդրկովկասում Չինաստանի ազդեցության ավելացումը մեծապես բխում է նաև ՌԴ շահերից. Մոսկվան Անդրկովկասում իր ունեցած իշխանությունից մեծ սիրով բաժին կհատկացնի ավելի շուտ Չինաստանին, քան, ասենք, նույն ԵՄ-ին, որին ռուսները կատեգորիկ կերպով չեն վստահում: Մոսկվան փորձում է հավելյալ հակակշիռ ստեղծել ասիական աշխարհամասում Արևմուտքի առաջխաղացումը կանխելու համար, ու այդ գործը գլուխ բերելու լավագույն միջոցը Պեկինի հետ ուս ուսի հանդես գալն է:
Ռուսները շատ լավ գիտակցում են, որ առաջիկա տարիներին արցախյան հակամարտությունը լինելու է Արևմուտքի ձեռքին իրենց դեմ բանեցվող շանտաժի գլխավոր գործիքներից մեկը, հետևաբար` տարածաշրջանում անվտանգության հավելյալ երաշխիքներ ստեղծելու, հավանական մեծ պայթյունը կանխարգելելու համար Մոկսվային հզոր դաշնակից է անհրաժեշտ, մեկն, ով իր կշռով համահավասար կլինի Արևմուտքին: Հայաստան-Չինաստան հարաբերությունների խորացումն այլևս չի հակասում ՌԴ աշխարհաքաղաքական շահերին, ինչը նշանակում է, որ առաջիկայում ականատես ենք դառնալու այդ հարաբերությունների է՛լ ավելի ակտիվացմանը:
Ինչ վերաբերում է կոնկրետ արցախյան հարցին ու ճակատում տիրող իրավիճակին, ապա մեկ բան ակնհայտ է: Չնայած տարածաշրջանային մեծ պատերազմ հազիվ թե լինի, բայց խաղաղ արևագալների մասին ևս տեսանելի ապագայում պետք է մոռանալ. սահմանին այլևս երբեք հանգիստ չի լինելու, ինչը, հասկանալի է՝ պայմանավորված է աշխարհում օրեցօր սրվող ռազմաքաղաքական իրավիճակով: Սա արյունաքամ անող հակամարտություն է, որին պետք է ուղղակի պատրաստ լինել ու համբերել:Կկարողանանք դիմակայել հյուծիչ պատերազմին` կկարողանանք պահպանել պետականությունը, չենք կարողանա` կզրվենք դրանից:
Դավիթ ԲԱԲԱՆՈՎ