«Ադրբեջանը պարբերաբար սրում է իրավիճակը շփման գծում, իրականացնում է դիվերսիոն գործողություններ՝ սեփական բնակչությանն օգտագործելով որպես կենդանի վահան», - այս մասին այսօր՝ հուլիսի 12-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը։

Անդրադառնալով երեկ տեղի ունեցած՝ Հայաստանի ու Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպմանը, ԱԺ փոխնախագահն ասաց.

«Համանախագահները ևս մեկ անգամ վերահաստատում են բացառապես բանակցությունների միջոցով խնդրի կարգավորումը: Հայկական կողմը ևս մեկ անգամ հաստատում է, որ առանց Վիենենայի ու Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածության իրագործման՝ անհնար է առաջընթաց ապահովել բանակցություններում։ Իսկ Ադրբեջանը գործնականում չի իրականացնում Վիեննայի ու Պետերբուրգի պայմանավորվածությունները», - ասաց նա՝ ավելացնելով, որ հայկական կողմը պետք է շարունակի կոշտ դիրքորոշումը։

«Շարունակելու ենք պնդել և կոչ անել միջազգային հանրությանը, որպեսզի գործուն մեխանիզմներ բանեցնեն Ադրբեջանի վրա Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածություններն իրականացնելու ճանապարհով», - ասաց ԱԺ փոխնախագահը։

Շարմազանովը նշեց, որ հայկական կողմը բազմիցս է հայտնել իր կարծիքը Ռուսաստանի կողմից Ադրբեջանին սպառազինություն վաճառելու հարցի շուրջ և դժգոհություն է հայտնել նաև ռուսաստանցի գործընկերների հետ հանդիպումների ժամանակ: «Իմ կարծիքը չի փոխվել: Ադրբեջանն այն պետությունը չէ, որին կարելի է զենք վաճառել: Այն պետք է վաճառել նրանց, ովքեր պաշտպանվում են»,- հայտարարեց նա:

Փոխխոսնակի կարծիքով՝ դա չպետք է խոչընդոտի Հայաստանի և Ռուսաստանի քաղաքական և ռազմաքաղաքական համագործակցությանը. «Այն դաշնակցային բնույթ է կրում: Ներկայում Հայաստանն ու Ռուսաստանն իրականացնում են համաձայնագրով ամրագրված համագործակցության կետերը: Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները չպետք է պայմանավորել դրանով»,- նշեց Շարմազանովը: