Հետընտրական իրավիճակը Հայաստանում շատերի համար անսպասելի զարգացումներ բերեց, և շատ քաղաքացիներ անորոշության մեջ են, նրանց հուզում է՝ ի՞նչ է լինելու կամ ինչպե՞ս է լինելու հարցը: ԳԱԼԱ-ի թղթակիցը փորձեց տեղեկանալ՝ ի՞նչ ակնկալիքներ ունեն ամեն անգամ Ազատության հրապարակ գնացող քաղաքացիները: Հարկ է նշել, որ քաղաքացիների մեծ մասը հիմնականում իրենց բողոքն արտահայտում էին կամ բղավելով կամ արտասվելով:
Վարդիթեր Բանապետյանը՝ Թալինից, ասում է. «Րաֆֆի Հովհաննիսյանին ճանաչում եմ 88թ-ից, երբ ես նստացույցի եմ դիմել, նա ամեն օր գալիս էր ձեռքով բարևում ու հարցնում իմ որպիսությունը: Ես նրանից մեծ պասելիքներ ունեմ՝ և թոշակի բարձրացում, և աշխատատեղեր: Ես միայնակ եմ ու գործազուրկ, թոշակ չեմ ստանում, նպաստ չեմ ստանում, փարոս չեմ ստանում, սրա-նրա հույսին եմ ապրում, իսկ ոմանք փառահեղ են ապրում: Պատգամավորները թալանում են: Արտաշես Գեղամյանը և Արթուր Բաղդասարյանը մեզ տարան Բաղրամյան պողոտա, թևներս ու ոտքներս ջարդեցին, հիմա գնացին, մեկը պատգամավոր, մյուսը՝ Ազգային անվտանգության խորհրդի նախագահ, այնինչ վտանգը հենց իրենցից է գալիս: Հեղինե Բիշարյանին ամոթ, կանգնում ասում է՝ հոկտեմբերի 27-ի գործով արդեն բռնադատվածներ ունենք: Մուրաբա ու ջեմ բաժանողներ, դուք նստել եք ժողովրդի վզին: Պետք է մեր ազգը մաքրվի այդ թափթփուկներից, որ եկել բազմել են Ազգային ժողովում: Մենք մեր երկրից ինչի՞ պիտի ուրիշ տեղ գնանք: Էրգիր ունինք մենք Հայաստան, գնացել ենք օտարության: Ես որոշել եմ գնամ Բաղրամյան 26-ի դիմաց կանգնեմ, մի շիշ բենզին լցնեմ ու վառեմ ինձ, որ գետինը մտնեն, վերջապես հասկանան, որ ես ի վիճակի չեմ ապրելու: Ինձ ասեցին՝ գիտե՞ս, քո անունը չկա ընտրացուցակում, որովհետև դու րաֆֆիական ես, քեզ փող էլ չենք տա, բայց ես դրանց փողին չէի սպասում»:
Սալբի Հակոբյանը՝ Երևանից, ասում է. «Ես ուզում եմ, որ դիտորդներին կանչեն և բոլոր ընտրատեղամասերում ստուգումներ կատարեն: Թող երկու թագավորներն էլ դուրս գան ու ազնվորեն կանգնեն ժողովրդի առաջ: Ով ում ընտրեց, նա էլ կանգնի թագավոր: Ես ուզում եմ նոր ընտրություններ: Ես մի մինուճար հաշմանդամ երեխա ունեմ, դիմել եմ Սերժ Սարգսյանին, որ ինձ օգնի, նա առանց անհարմար զգալու, 10 հազար դրամ տվեց քարտուղարուհուն, նա էլ իջավ ու տվեց ինձ: Վերցրեցի ու իրա աչքի առաջ վառեցի այդ 10 հազար դրամը: 20 տարի է՝ երեխաս սայլակի վրա է: Դիմել եմ Գագիկ Ծառուկյանին, ափսոս հայկական հացը, որ նա ուտում ա, նա բացահայտ քավոր-սանիկ է խաղում իշխանությունների հետ, ոչ էլ ուզում է օգնել ժողովրդին, նա նրան ա քավոր ընտրում, նա սրան է սանիկ ընտրում, մեկը մյուսի սիրահարությունն են ընդունում, մյուսը մտնում ա կազինոներ: Սարսափելի է՝ մեր երիտասարդ աղջիկներն էլ կորուստ գնացին, մի կարգին աղջիկ էլ չի մնացել հայ ազգի մեջ, որ հարս բերես տուն»:
Քաջիկ Հայրապետյանը Ղափանից նշում է. «Իմ կարծիքով՝ Րաֆֆի Հովհաննիսյանը քաղաքակիրթ մարդ է ու կմտածի ժողովրդի համար: Վստահ եմ, որ նա ի կատար կածի իր ասածը, ոչ թե Սերժ Սարգսյանի նման, որ ամեն ինչ ասում է, բայց չի իրականացնում: Ուղղակի ժողովուրդն այս պահին պետք է միահամուռ լինի ու ազգային պայքարի գնով՝ Րաֆֆի Հովհաննիսյանին դարձնի նախագահ, գեղ կանգնի՝ գերան կկոտրի:
Քնքուշ Մելիքյանը՝ Երևանից, կարծիք հայտնեց. «Տեսնո՞ւմ եք այստեղ կանգնած հավաքվածների տարիքը, երիտասարդներ համարյա չկան, որովհետև բոլորը դրսում են, արտագաղթել են, եթե Սերժ Սարգսյանը շարունակեց պնդել, որ ինքը ընտրված է' չլինելով ընտրված նախագահ, ուրեմն էս տարեցներն էլ կգնան, ավերակների վրա թագավորե՞լ է ուզում, թող թագավորի: Ժողովուրդը մինչև վերջ պետք է կանգնի Րաֆֆի Հովհաննիսյանի կողքին, դա է միակ ելքը: Ժողովրդին ոչ ոք չի լսում, ոչ խորհրդարանում, ոչ կառավարությունում, եկել ենք այստեղ, որ գոնե այստեղ լսեն մեզ: Րաֆֆի Հովհաննիսյանը մենակ չի կարող, նրան պետք է միանան Լևոն Տեր-Պետրոսյանը, բոլորը պետք է միանան: Բայց ես վստահ եմ, որ Լևոն Տեր-Պետրոսյանը կմիանա այս պայքարին»:
Մելանյա Մելքումյան