Արարատի մարզի Նորաշեն համայնքի ավագանու ընտրություններում հետաքրքիր զարգացումներ են տեղի ունեցել։ Ինչպես գրում են համացանցում՝ «գեղ կանգնի, գերան կկոտրի»․ մարզպետ Գարիկ Սարգսյանը «խայտառակ» պարտություն է կրել։ Բանն այն է, որ մարզպետի կողմից ազատված համայնքապետի կողմնակիցները հաղթանակ են տարել, իսկ համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատարի կողմնակիցները պարտություն են կրել։ Այս ֆոնին շոշափվում էր մարզպետի կողմից պաշտոնից ազատված Նորաշենի նախկին համայնքապետ Նորայր Գրիգորյանի անունը, իսկ թե ինչո՞ւ, փորձեցինք պարզել հենց նրանից։
«Ընտրություններում մեր կողմնակիցներից առաջադրված 8 ավագանու անդամի թեկնածուից 7-ը ընտրվել է, մեկը՝ 13 ձայնով չի անցել։ Իսկ հակառակ կողմից, գործող համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատարի կողմնակից 7 ավագանու անդամի թեկնածուից 2-ն են անցել, 5-ը՝ պարտվել։ Երևի դրանով է պայմանավորված, որ իմ անունն են շոշափում։ Ժողովուրդն իր կարծիքը, իր խոսքը միշտ ասում է, ինչպես ասաց երեկ։ Առջևում կլինեն համայնքի ղեկավարի ընտրություններ, նորաշենցիներն իրենց վճռական խոսքը կասեն»,- ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում ասաց Նորաշենի նախկին համայնքապետ Նորայր Գրիգորյանը։
Նախկին համայնքապետն ասաց, որ ինքը ևս պատրաստվում է առաջադրվել համայնքապետի ընտրություններում․ «Կգա օրը, կիմնանք՝ ինձ կընտրեն, թե ոչ։ Ժողովուրդը կորոշի՝ ով է արժանի թեկնածուն։ Ով էլ ընտրվի, ես առաջինը կշնորհավորեմ»։
Անդրադառնալով մարզպետի դեմ ներկայացրած դատական հայցին՝ Գրիգորյանը նշեց, որ դատարանն այն վարույթ է ընդունել, և փետրվարի սկզբին տեղի կունենա առաջին դատական նիստը։ Նորայր Գրիգորյանը պահանջում է անվավեր ճանաչել մարզպետի որոշումը, քանի որ այն օրինական չի եղել։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի կեսերին, երբ Նորայր Գրիգորյանը գտնվել է արձակուրդում, մարզպետ Գարիկ Սարգսյանի հրամանով նրան ազատել էին պաշտոնից, որի մասին նա իմացել էր վերադառնալուց հետո՝ համայնքապետարանի պահակից։
Այս ամենին հաջորդեցին բողոքի ակցիաները՝ նորաշենցիները պահանջում էին Նորայր Գրիգորյանին վերականգնել իր պաշտոնում, իսկ Նորայր Գրիգորյանը պնդում էր, որ ակնհայտ է դարձել, որ ավագանու նիստը, որով որոշվել է դադարեցնել իր լիազորությունները, կեղծվել է, և կեղծված փաստաթուղթ են ուղարկել Տարածքային կառավարման նախարարություն, պետք է պարզեն՝ նիստն ո՞վ է կեղծել է Արարատի մարզպե՞տը, թե՞ ավագանին։