Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանն այսօր պաշտպանության նախարարության Դիլիջանի «Լեռնային Հայաստան» առողջարանում մասնակցել է «Դիտակետ», «Պատիվ ունեմ» և «Ես եմ» ծրագրերի հանրային քննարկումների ամփոփմանը:
Պաշտպանության, կրթության և գիտության նախարարները, հանրային քննարկումներն իրականացնողները, ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանի կուրսանտները, քննարկմանը հրավիրված մի շարք բուհերի ուսանողներ և զորամասերի հրամանատարներ մտքեր են փոխանակել հանրային քննարկումների արդյունքների շուրջ, իրենց տեսակետներն ու առաջարկությունները ներկայացրել: Զեկուցվել են նաև Հայաստանի գրեթե ամբողջ տարածքում անցկացված այդ քննարկումների ժամանակ հանրության տարբեր շերտերից՝ մտավորականներից, ազատամարտիկներից, գործարարներից, լրատվամիջոցների ներկայացուցիչներից, երիտասարդներից, հասարակական կազմակերպություններից ստացված գնահատականները, դիտողություններն ու առաջարկները:
Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել քննարկման բոլոր մասնակիցներին և ընդգծել, որ ներկայացված ծրագրերն ու դրանց հանրային քննարկումների ընթացքը գալիս են ապացուցելու, որ հետևողականորեն իրականացվում է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի զարգացման և ամրապնդման քաղաքականությունը:
«Դիտակետ», «Պատիվ ունեմ», «Ես եմ» ծրագրերը, Նախագահի համոզմամբ, կոչված են ստեղծագործաբար լուծելու առկա խնդիրները, որոնք նոր չեն ի հայտ եկել, սակայն նոր և տեղին են առաջարկվող լուծումների մեծ մասը:
Հանդիպման ավարտին Հանրապետության Նախագահը գոհունակությամբ է արձանագրել, որ հասարակության տարբեր շերտերից ստացված կարծիքներում և գնահատականներում գերակշռում է դրական մոտեցումը: Դրանց մասին են վկայում նաև հասարակական կարծիքի ուսումնասիրության նպատակով «Այ-Փի-Էս-Սի» քաղաքական և սոցիոլոգիական խորհրդատվությունների ինստիտուտի կողմից իրականացված սոցիոլոգիական հարցումներն ու Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի անցկացրած քննարկումները:
Հանդիպման ավարտին Նախագահը հանձնարարականներ է տվել պաշտպանության, կրթության և գիտության նախարարներին, որոնք միտված են շարունակելու հնչեցված ծրագրերի հետ կապված աշխատանքները՝ հաշվի առնելով հանրային քննարկումների արդյունքները: Հանձնարարականների համաձայն, պաշտպանության նախարարությունը ամբողջությամբ կամփոփի անցկացված քննարկումների արդյունքները, ի մի կբերի ներկայացված առաջարկություններն ու դիտողությունները և կսկսի անհրաժեշտ օրենսդրական նախաձեռնությունների նախապատրաստման ու շահագրգիռ բոլոր գերատեսչությունների հետ դրանց համաձայնեցման ուղղությամբ աշխատանքները: Կրթության և գիտության նախարարությունը պաշտպանության նախարարության հետ համատեղ կմշակի կառավարության որոշման նախագիծ՝ «Պատիվ ունեմ» ծրագրի փորձնական փուլի կազմակերպման վերաբերյալ:
Նախագահն ընդգծել է, որ ոչ ոք չի պնդում, թե ներկայացված ծրագրերը կատարյալ են, և դրանցում բոլոր մանրուքները հաշվի են առնված, սակայն հանրային լայն քննարկումների արդյունքում ստացված առաջարկությունները, նրա համոզմամբ, ավելի կբարելավեն այդ ծրագրերը, իսկ գործնականում փորձարկելուց հետո հնարավոր կլինի խոսել վերջնական եզրակացության մասին:
Սերժ Սարգսյանի խոսքը «Դիտակետ», «Պատիվ ունեմ», «Ես եմ» ծրագրերի հանրային քննարկումների ամփոփման ժամանակ
Բարև ձեզ, հարգելի՛ գործընկերներ:
Այս հանդիպման և քննարկումների փաստը, իմ կարծիքով, ինքնին խոսուն է: Առաջ քաշված ծրագրերը և դրանց հանրային քննարկումների ընթացքը գալիս են ապացուցելու, որ մենք հետևողականորեն իրականացնում ենք Հայաստանի Հանրապետության զինված ուժերի զարգացման և ամրապնդման քաղաքականությունը:
«Դիտակետ», «Պատիվ ունեմ», «Ես եմ» ծրագրերը կոչված են ստեղծագործաբար լուծելու առկա խնդիրները: Բնականաբար, այս խնդիրները նոր չեն ի հայտ եկել՝ դրանք վաղուց կային, բայց կարծում եմ՝ նոր են և տեղին են առաջարկվող լուծումների մեծ մասը:
Մեզնից շատերը բազմիցս ասել են, որ Հայաստանի բանակը ժողովրդական բանակ է և որ՝ մեր բանակը, իրոք, մեր ժողովրդի բանակն է: Պաշտպանության նախարարի առաջարկած ծրագրերը գալիս են ամրագրելու այս իրողությունը: Այս առումով հատկապես կարևորում եմ այն հանգամանքը, որ լրացուցիչ խրախուսման և պաշտպանվածության հնարավորություններ են ստեղծվում մեր զինծառայողների համար:
Այս ծրագրերի միջոցով բանակը շարունակաբար ամրապնդվում է որպես մեր հասարակության սոցիալական շարժունակության կարևոր խթան: Մշտապես բողոք կար, որ այսպես կոչված «սոցիալական վերելակները» բացակայում են մեր հասարակության մեջ: Այսինքն՝ սկզբնական հնարավորությունները բացակայում են, և սա բնորոշ է ոչ միայն Հայաստանին, այլև շատ ու շատ երկրների: Այս առումով մեր երկիրը համաշխարհային միտումների համատեքստում է:
Հատկապես «Ես եմ» և «Պատիվ ունեմ» ծրագրերի միջոցով մենք այժմ նոր հնարավորություններ ենք ստեղծում մեր երիտասարդության համար: Առաջարկված լուծումները ճկուն են և երկարաժամկետ, իսկ դրանց նպատակներն են՝ երիտասարդների համար լավագույն պայմաններ ստեղծելը, նրանց կրթական աճը խրախուսելը և նրանց ապագան Հայաստանի հետ կապելը: Պաշտպանության նախարարությունը երիտասարդության և սպորտի նախարարություն չէ, և նրա նպատակը միայն երիտասարդներին որևէ կերպ խթանելը չէ: Անշուշտ, այստեղ կա շատ մեծ շահ՝ ելնելով զինված ուժերի կարիքներից, բայց այս երկուսի համադրումը, կարծում եմ, շատ օգտակար կլինի մեզ համար:
Ես վստահ եմ, որ առաջարկված լուծումները շատ արագ դրական արդյունքներ են տալու: Հուսով եմ, որ հեռու չէ այն օրը, երբ երիտասարդ ընտանիքները կկարողանան իրենց սեփական օջախները ստեղծել հենց այս ծրագրերի շնորհիվ, իսկ ես ու Վիգենն էլ, եթե ձեզնից որևէ մեկը կցանկանա մեզ հետ ընկերանալ, կմասնակցենք նրանց բնակարանամուտների հաճելի արարողություններին: Վստահ եմ, որ գալիք տարիներին մենք լսելու ենք բազմաթիվ նոր փոքր ու միջին ձեռնարկություններ ստեղծելու մասին, որոնք ստեղծվելու են հենց այս ծրագրի շահառուների կողմից:
Մեր բանակի միջոցով ստեղծում ենք նոր սերնդի մտավորականներ, մասնագետներ, մեր հասարակության նվիրյալներ: Եվ այդ նոր սերունդը ծնվում և կոփվում է հենց ծառայության մեջ: Պետությունը, անշուշտ, շարունակելու է խրախուսել և փայփայել իր այդ քաղաքացիներին: Նրանք մշտապես մնալու են մեր ուշադրության կենտրոնում և արժանացել ու արժանանալու են մեր հատուկ հոգատարությանը:
Այսօր՝ մինչ այստեղ գալը, առաջնագծում էի, և, բնականաբար, հանդիպեցի բազմաթիվ երիտասարդ զինվորների ու սպաների հետ: Փա՛ռք մեր ժողովրդին, որ այդպիսի զավակներ ունի, ուղղակի փայլուն տղաներ են: Քիչ առաջ հեռուստաընկերություններից մեկին տված հարցազրույցի ժամանակ ես ասում էի, որ, իրոք, մեր զինվորներն ու սպաները շատ տոկուն են, քաջարի, բայց, այնուհանդերձ, զուտ տոկունությամբ, քաջությամբ, կարգապահ լինելով հնարավոր չէ մարտական խնդիրներ լուծել. մարտական խնդիրը լուծվում է այս հարթություններով, երբ ունես բավարար չափով սպաներ: Իհարկե, նաև փա՛ռք մեր ժողովրդին, որ, իր բերանից կտրելով, հնարավորություն է ընձեռնում այս փայլուն սերնդի համար ապահովելու այս ամենը:
Հարգելի՛ գործընկերներ,
Մեր կառույցները՝ այսպես կոչված «ուժային» կառույցները մշտապես կարող են գայթակղություն ունենալ, որ իրենց բոլոր աշխատանքները, իրենց գործունեությունը գաղտնագրեն, գաղտնիության շղարշով պատվեն: Իհարկե, զուտ ռազմավարական ծրագրերի առումով միգուցե անհրաժեշտություն կա այս կառույցներում ունենալ գաղտնապահության այդպիսի ռեժիմ, սակայն ամեն ինչ գաղտնիության շղարշով պատելը հաճախ կարող է թերությունները կոծկելու և լայն հասարակությունից խնդիրներն ու թերությունները թաքցնելու հարմար պատրվակ լինել: Ես կարծում եմ, որ մենք այդ գայթակղությունը հաղթահարել ենք և մերժել ենք վաղուց ու փորձում ենք մեր բանակի խնդիրները, հարցերը հասու դարձնել մեր հասարակությանը, որովհետև ոչ մի սուտ, ոչ մի կեղծիք ուղղակի չի կարող ամոքել կորստի վերքերը, իսկ նման ստերի բացահայտումը միշտ կարող է հիասթափության մեծ աղբյուր դառնալ հասարակության համար:
Հենց այդ պատճառով էլ մենք որդեգրել ենք բոլոր հարցերը բարձրաձայնելու և անկեղծորեն քննարկելու քաղաքականությունը: Քննարկումն այս պարագայում, իհարկե, ինքնանպատակ չէ՝ այդ խնդիրները բացահայտելու և լուծելու միջոց է: Մեր փորձն ապացուցում է, որ քննարկումները, որպես կանոն, հանգեցնում են արդյունավետ լուծումների: Այս ոճն ամբողջությամբ արտացոլում է մեր ժողովրդի ազատության ոգին, և վստահ եմ, որ այդ ոգին և համարձակությունը հայրենիքի պաշտպանությանը նպաստող ամենակարևոր խթաններն են:
«Դիտակետ» ծրագրի շրջանակներում ուսումնասիրության կենթարկվի բանակում առկա իրավիճակը: Այդ նպատակով հարցումներ կիրականացվեն զորացրված զինծառայողների շրջանում, և ձեռնարկվելու են բոլոր միջոցները հարցվողների անկաշկանդությունն ապահովելու համար: Այս ծրագրով կարողանալու ենք վեր հանել ծառայության ընթացքում կոնկրետ տեղերում զորացրված երիտասարդների նկատած թերությունները և հստակ մեխանիզմներ մշակել դրանք շտկելու ուղղությամբ։ Այս գաղափարը եկել է այն բանից հետո, երբ բազմաթիվ հանդիպումների ժամանակ մեր զինծառայողները, ովքեր շատ լավ էին ծառայում, ասում էին, թե ամեն ինչ լավ է: Մի կողմից, իհարկե, բոլոր պարագաներում որքան էլ զինվորը քաջ և կարգապահ լինի, ինչ-որ տեղ մտավախություն ունի, որ եթե թերության մասին խոսի, ապա հրամանատարի կարծիքն իր մասին կարող է փոխվել: Տարբեր հարցերով կարող են կաշկանդված լինել, իսկ երբ մարդն արդեն զորացրված է, ինչպես ասում են՝ արդեն ուսադիրների ներքո չէ, նա շատ հանգիստ, ազատ կարող է խոսել ոչ միայն խնդիրների, այլ նաև այն հանգամանքների մասին, որոնք կարող են նպաստել է՛լ ավելի լավ ծառայելուն:
Կարծում եմ՝ երեք ծրագրերն էլ շատ նորմալ են և լավն են: Այս ծրագրերը միավորում է մի հանգամանք՝ մարդու հանգամանքը. երեքի հիմքում էլ մարդն է՝ այն զինվորն է, այն սպան, որ ապահովել է և պիտի ապահովի մեր երկրի անվտանգությունը:
Իհարկե, որևէ կասկած չկա, որ մեր բանակը օր-օրի ուժեղանում է: Ձեռք են բերվում նոր զենքեր, նոր զինատեսակներ: Այսօր մեր զինված ուժերի հագեցվածությունը, կահավորումն ու հանդերձանքը բավարար մակարդակի վրա են, և բավարար են լուծելու բոլոր այն ռազմական խնդիրները, որ կարող են դրվել մեր բանակի առջև: Քիչ առաջ ավարտված հարցազրույցի ժամանակ ես խոսում էի նաև այդ մասին, որովհետև հարցը հետևյալն էր՝ ի՞նչ նկատի ունեի, երբ ապրիլյան իրադարձությունների ժամանակ Գերմանիայում հարցազրույց տալիս ասել էի, որ մեր զինվորները կռվում են 80-ականների զինատեսակներով: Նախ կոնտեքստն էր մի փոքր այլ, և երկրորդ՝ որովհետև աշխարհում չկա մի բանակ, որը կունենա բոլոր ժամանակակից զինատեսակները: Չկա՛ այդպիսի բանակ: Ո՛չ ամերիկյան բանակը, ո՛չ ռուսական և ոչ էլ որևէ այլ բանակ չի կարող ասել՝ ես ունեմ բոլոր ժամանակակից զինատեսակները, որովհետև որևէ բանակ, որևէ պետություն ի վիճակի չէ դա անելու: Բայց յուրաքանչյուր բանակ պետք է ունենա բավարար զենք և զինատեսակներ, որպեսզի կարողանա լուծել իր առջև դրված խնդիրները, և դա գնահատվում է ամբողջության մեջ՝ գումարած զինվորի բավարար չափով մարտական ունակությունները: Այսօր մեր բանակը ունի ոչ թե ամենաժամանակակից զինատեսակները, ես չեմ կարող այդպես ձևակերպել, ունի բավարար զինատեսակներ, բավարար զենք և զինամթերք, որպեսզի լուծի իր առջև դրված խնդիրները:
Մենք, իհարկե, չենք մոռանում, որ կռվի դաշտում գլխավոր գործող անձը մարդն է, հայ ռազմիկն է՝ իր մասնագիտական պատրաստվածությամբ, խելամտությամբ և խիզախությամբ: Բազմիցս շատ մարդիկ ասել են, և հիմա էլ ես կրկնում եմ, որ բոլոր այն ճակատամարտերում ու պատերազմներում, որտեղ մենք հաղթել ենք կամ հաջողություն ենք ունեցել, առաջին հերթին հաղթել ենք հենց մարդկային գործոնի շնորհիվ: Այստեղ էլ կան մարդիկ, ովքեր իրենց փորձով դա կարող են պնդել: Այո՛, նրանք իրենց անցած ճանապարհով դա ապացուցել են և հիմա էլ կարող են դա պնդել:
Բավականաչափ քանակի և որակի զենք ու զինամթերք, գումարած խելացի ու աննահանջ մարտիկներ. ահա հաջողության գրավականը, որին ես չեմ կասկածում: