Քրդական հակամարտությունների փորձագետ Կարեն Հովհաննիսյանի համոզմամբ՝ թուրք-քրդական հակամարտության շրջանակում հայերիս համար ամենակարևորը քրդական պետության ստեղծումն է. «Ես իրաքյան և սիրիական տարածքների վրա իրատեսական եմ համարում քրդական պետության ստեղծումը: Պետք է նշեմ, որ արդեն քրդերը հրաժարվել են օգտվել քրդական փողից, բանկոմատներից, որին ի պատասխան թուրքական իշխանությունները նրանց նկատմամբ կիրառում են որոշակի պատժամիջոցներ՝ ընդհուպ թոշակների չվճարումը»,-ասաց փորձագետը՝ այսօր կայացած մամլո ասուլիսի ժամանակ:
Վերջինիս խոսքով՝ քրդական համայնքի զգալի մասը բավականին լավատեսական է տրամադրված հայկական հարցի, Հայաստանի նկատմամբ և շատ հաճախ օրինակ են բերում Հայաստանը, որը թեև բնակչությամբ փոքրաթիվ է, բայց կարողացել է ունենալ պետականություն, ինչն իրենք այդպես էլ չեն կարողանում ձեռք բերել:
«Դիարբեքիրում ապրող քրդերը հայերիս նկատմամբ շատ լավ են տրամադրված՝ ի տարբերություն Կարսի և Իգդիրի տարածքում ապրող քրդերի, որոնք հայերին դիտարկում են, որպես փող աշխատելու միջոց, երբ հայ զբոսաշրջիկներն այցելելու են այդ տարածքներ»,- նշեց նա:
ԼՈւՐԵՐ.com-ի դիտարկմանը՝ հայկական կողմի համար նախընտրելի է, որ Արևմտյան Հայաստանը շարունակի մնալ Թուրքիայի տիրապետության տակ, թե՞ նախընտրելի է այդ տարածքում ունենալ քրդական պետականություն, փորձագետը պատասխանեց. «Թուրքիան մշտապես արել է այնպես, որ Արևմտյան Հայաստանի այդ տարածքները չզարգանան՝ մշտապես ունեցել է վախ, որ դրանք կամ կանցնեն քրդերին, կամ՝ հայերին: Ես կարծում եմ, որ մեզ համար ձեռնտու է, որ այդ տարածքը շարունակի մնալ Թուրքիայինը, որովհետև քրդերը վտանգավոր և անկանխատեսելի են, և կարող են անգամ շրջվել մեր դեմ: Պետք է նշեմ նաև, որ Թուրքիայի տարածքում ապրող ծպտյալ հայերը աջակցում են քրդերին՝ պետականության ստեղծման գործում»:
Վերջինիս փոխանցմամբ՝ Թուրքիայի Հաքարի նահանգը մոտ ապագայում ձեռք է բերելու պետականություն, ինչը դառնալու է Թուրքիայի տրոհման հիմքը. «Թուրքիան տրոհվելու է շատ շուտով և դա անխուսափելի է»,- նշեց Կարեն Հովհաննսիյանը:
Թուրքիայի տրոհմանը կողմ է նաև ԱՄՆ-ն, որը զինում է քրդերին՝ թուրքրեին կոտորելու համար: Ռուսատանն ընդամենը ԱՄՆ-ին հակադրվելու համար չի զինում քրդերին: Ռուսաստանին ընդամենը պետք է հակադրվել Ամերիկային՝ դրա համար էլ ջերմացել է Թուրքիայի հետ:
Աղավնի Սուքիասյան