Հերոսներն ապրում են իրենց գործերով. ապրիլյան պատերազմի հերոս, քանդակագործ Արամայիս Միքայելյանի հարազատները ապրեցնում են հերոսին՝ շարունակելով նրա կիսատ թողած գործը:
«Նարեկացի» արվեստի միությունում ցուցադրված են հերոսի եւ նրա էսքիզների հիման վրա ընկերոջ եւ եղբոր կողմից պատրաստված քանդակները: Դեռեւս 12 տարեկանից քանդակագործությամբ հետաքրքրված Արամայիսը գիտեր, որ շարունակում է պապերի գործը, հպարտանում ու խորը իմաստ տալիս յուրաքանչյուր քանդակին: Արամայիսը քանդակում էր նաեւ բանակում, որտեղից հարազատներին են փոխանցել նրա աշխատանքները:
Հերոսի եղբայրը՝ Արսեն Միքայելյանը, պատմեց, որ դեռեւս 2 ամիս առաջ են սկսել զբաղվել աշխատանքներով, նպատակ ունեն դրանք շարունակելու:
«Արամայիսը նույնիսկ փոքր աշխատանք անելիս ոգեւորվում ու ուրախանում էր, որ ստացվել է հենց այնպես, ինչպես նա էր ուզում»,- ասաց նա:
Արամայիսի մայրը՝ Լիլիթ Ավագյանը, պատմեց, որ որդին ծառայության անցնելուց հետո խնդրել էր նրան, որ գործիքներն ուղարկի զորամաս, հարազատներն ավելի ուշ են իմացել, թե ինչ աշխատանքներ է արել որդին բանակում:
«Ահագին գործեր է արել, ընկերներին, զորամասին է նվիրել, որոշել էր զինանշանն էլ նվիրել զորամասի հրամանատարությանը. ավաղ, պատերազմը կիսատ թողեց երեխայիս մտադրությունը: Արամայիսն ամեն մի նախշազարդով, ամեն մի նոր ստեղծագործությունով ապրում էր ու միշտ ասում էր՝ ես մեծն Արամն եմ, Արամ ամեն ինչ կարամ, ասում էի՝ կարաս: Իսկ ցուցահանդեսը որոշեցինք կազմակերպել, որ ամբողջ ժողովուրդը որդուս ճանաչի ոչ միայն ազգի հերոս, այլ արվեստի մարդ, մարդ՝ մեծատառով: Եթե Արամայիսս Հայորդաց տանն է հիմքը դրել, փոքրիկ տղաս լրիվ ինքնուս է, եղբորից ինչ հասցրել, վերցրել է: Իր մոտ էնքան լավ ստացվում է, ինքն էլ է զարմանում, ասում է՝ երեւի վերեւից Արամայիսն ինձ հուշում է, որ այս նախշազարդը ստացվում է, երեւի ինչ-որ գերբնական բան է, ու ես դրան հավատում եմ ու ես ամեն օր զգում եմ իր ներկայությունը, ամեն օր»,-ասաց տիկին Ավագյանը:
Հերոսի մայրը, ով դպրոցում աշխատում է որպես տեխնոլոգիայի ուսուցչուհի, աշակերտներին նաեւ սովորեցնում է քանդակներ անել, աշակերտներն իրենք էլ մեծ ոգեւորությամբ են սովորում հերոսի մորից, նույնիսկ արձակուրդի շրջանում են ցանկություն հայտնում մասնակցել պարապմունքներին:
Ցուցադրության շրջանակում ներկայացվեց նաեւ տիկին Ավագյանի հեղինակած «Քեզ հետ, բայց առանց քեզ» գիրքը, որում մեկտեղված են հարազատների հիշողությունները, դրվագներ հերոսի կյանքից:
«Նպատակ չունեի գիրք հրատարակել, պարզապես միտքս էի հանձնում թղթին, ու այդպես գրվեց-գրվեց, հետո ավելացան մտքերը, կողքից ավելացան ուսուցիչների, մորաքրոջ գրածները, ու դարձավ հուշագիրք»,-պատմեց հերոսի մայրը:
Ցուցադրությանը ներկա էր նաեւ Արցախի հերոս Արկադի Տեր-Թադեւոսյանը, ով մարդկանց հորդորեց պարզապես խոնարհվել հերոսների ծնողների առջեւ եւ գիտակցել, որ նաեւ հենց այս հերոսների շնորհիվ ենք շարունակում ապրել:
Արամայիսի քանդակներին ծանոթանալու էին եկել նաեւ հերոսներ Անդրանիկ Զոհրաբյանի, Ռոբերտ Աբաջյանի, Ժորա Եսայանի, Արամ Աբրահամյանի, Արմենակ Ուրֆանյանի, Ադամ Սահակյանի, Մհեր Երզնկյանի, Աղասի Ասատրյանի, Հենրիկ Ղահրամանյանի, Վարդան Ղրմաջյանի, Սասուն Մկրտչյանի, Սաշա Գալստյանի, Ազատ Սիմոնյանի, Արթուր Գեւորգյանի, Հրաչ Մուրադյանի, Տիգրան Պողոսյանի հարազատները:
Արամայիսի քեռին էլ՝ Հակոբ Ավագյանը, վստահեցրեց՝ հերոսների ծնողներին շնորհակալություն ասելն այնքան անհամարժեք է, քանի որ շնորհակալ նախեւառաջ պետք է լինել սեփական գործով:
«Բոլորն այսօր ծառայում են երկրին, ամեն մեկն՝ իր տեղում, այսինքն՝ ծառայությունը զուտ զինվորական հագուստ կրել չէ: Ավելի լավ է՝ շնորհակալություն չասենք, քիչ խոսենք ու անենք, որովհետեւ այս տղաները քիչ խոսեցին ու արեցին»,-եզրափակեց նա:
Արամայիս Միքայելյանը ծնվել է 1996 թվականի հուլիսի 21-ին: