Բաքվի կողմից սանձազերծված ապրիլյան 4-օրյա պատերազմը խլեց բազմաթիվ կյանքեր, երկու կողմերը ունեցան բազմաթիվ վիրավորներ։ Հայկական կողմը հայտնեց ավելի քան 100 հոգու մահվան մասին։ Չնայած նրան, որ ադրբեջանական կողմն ակնհայտորեն նվազեցնում էր իր կորուստները, ընդդիմադիր լրատվականները անուն առ անուն, հրապարակեցին ավելի քան 100 սպանվածի մասին տեղեկատվություն:
Այս պատերազմը 1994 թվականի զինադադարից ի վեր առաջին անգամ, թեև ոչ այնքան էական, բայց փոփոխեց ստատուս-քվոն' ի նպաստ Ադրբեջանի:
Ապրիլյան պատերազմից հետո շատ փորձագետներ կանխատեսում էին, որ նոր' ավելի մեծ պատերազմը, սարերի ետևում չէ, մեր փորձագիտական դաշտից հաճախ հնչում էին հակադարձող կարծիքներ' ընդուպ մինչև պաշտոնատար անձինք և մի շարք քաղաքական գործիչներ պնդում էին, որ Ղարաբաղի հարցը փակված է ու, որ «Արցախը Հայաստան է և վերջ»։
Արդյոք Հայաստանը դասեր քաղել էր ապրիլյան պատերազմից, որոնք պիտի օգնեին 2020-ի 44-օրյա պատերազմում։ Այս հարցին 2021 թվականին Զինված ուժերի գլխավոր շտաբի նորանշանակ պետ Արտակ Դավթյանը պատասխանել էր, որ եթե ապրիլյանից դասեր չքաղվեին, ապա 44-օրյա պատերազմն ավելի կործանարար հետևանքներ կունենար։ Տեսնես, երբ այսօր Արցախը հայաթափված է, Արտակ Դավթյանը կարո՞ղ է պատասխանել հետևյալ հարցին՝ հնարավո՞ր էր ավելի կործանարար հետևանք, քան այն ինչ ունենք այսօր։