Ապրիլյան պատերազմի հերոս Անդրանիկ Զոհրաբյանը Վեդի քաղաքից էր: 

Ծնվել է 1996 թվականի մայիսի 1-ին՝ Ատոմ և Ալլա Զոհրաբյանների ընտանիքում:

Անդրանիկը սովորել է Եվրոպական քոլեջի Վեդու մասնաճյուղում` հաշվապահական հաշվառում և աուդիտ բաժնում: Սիրում էր ֆուտբոլ ու շատ լավ էր խաղում: Երևանում` «Խաղային մարզաձևերի մանկապատանեկան օլիմպիական մարզադպրոցի» թիմում, պատրաստվել է ՖԿՀՊԻ-ի ընդունելության քննություններին ու երազում էր դառնալ ֆուտբոլի մարզիչ: Մարզվում էր Երևանում:

Ուներ երկու քույր: Ընտանիքի միակ որդին` Անդրանիկը, 2014 թվականի հուլիսին մեկնեց ծառայության: Ծառայում էր Արցախի Մարտակերտի շրջանում։ Հուլիսի 16-ին զորացրվելու էր: 2016 թվականի ապրիլի 2-ի հարձակումների ժամանակ զոհվել է նաև Անդրանիկ Զոհրաբյանը: 

Գնդացրորդ Անդրանիկն Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի հետ վիրավոր վիճակում էլ շարունակել է կռիվն ու արնահոսելով մահացել:

Ապրիլի 8-ին Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ու ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդությամբ իրականացված որոնողական աշխատանքների շնորհիվ գտնվեց և ընտանիքին հանձնվեց կապիտան Արմենակ Ուրֆանյանի վաշտի գնդացրորդ, շարքային Անդրանիկ Զոհրաբյանի մարմինը:

Անդրանիկ Զոհրաբյանը Հայաստանի նախագահի հրամանագրով հետմահու պարգևատրվել է զինվորական բարձրագույն պարգևով՝ «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանով և Արցախի նախագահ Բակո Սահակյանի հրամանագրով՝ «Մարտական ծառայության» մեդալով։

Տեսանյութը՝ Panorama․am-ի արխիվից։