Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող խորհրդարանական քննիչ հանձնաժողովն այսօր հերթական փակ նիստն անցկացրեց: Նիստի ավարտից հետո հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը լրագրողներին հայտնեց, որ հրավիրյալը Ապրիլյան պատերազմի օրերին ծառայած բժիշկ էր:
«Հրավիրել էինք մի մարդու, ով ինքն էր ցանկություն հայտնել գալ: Իրեն մենք չէինք ներառել մեր ցուցակում: Նա բժիշկ է մասնագիտությամբ, ծառայության մեջ է եղել երրորդ պաշտպանական շրջանում, որպես բժիշկ, իսկ դա, գիտեք՝ ակտիվ մարտական գործողությունների շրջան է: Նա ցանկացել էր մեզ տեղեկություններ հայտնել, և հայտնեց»,-ասաց Քոչարյանը։
Քոչարյանը հայտնեց, որ հանձնաժողովին Պաշտպանության նախարարության կողմից տրամադրվել են լրացուցիչ նյութեր: «Շատ կարևոր են ՊՆ-ից մեզ ուղարկված Ապրիլյան պատերազմից առաջ մինչև բուն գործողությունները սկսվելու փուլի, և ընթացքի մասին նոր նյութերը, որոնցով մենք հնարավորություն ունենք մեծացնել մեր ուսումնասիրության շրջանակը: Սա կարևոր ձեռքբերում է մեզ համար այս գործում»,-նշեց Քոչարյանը
Խոսելով հանձնաժողովի հետագա գործողությունների մասին՝ Քոչարյանն ասաց, որ շատ կարևոր պաշտոնյաներ և Արցախից, և Հայաստանից դեռ հրավիրվելու են փակ նիստերի, այնուամենայնիվ, հանձնաժողովը 2019թ-ին կաշխատի ամբողջացնել եզրակացությունները:
«2019թ-ին ինչ-որ պահից սկսած՝ մենք կսկսենք ի մի բերել մեր ունեցած նյութերը, կաշխատենք եզրակացությունները ամբողջացնելու վրա, այսինքն, դրանից հետո այլևս հյուրեր չենք ունենա»,-ասաց Քոչարյանը:
Քոչարյանը նաև հավելեց, որ նախորդ նիստերին հրավիրված բարձրաստիճան պաշտոնյաներից մի քանիսին նորից լսելու կարիք կա, կան նոր հարցեր նրանց ուղղված: