«Ռոբերտ Քոչարյանի և նրա իշխանության կողմից ամեն ինչ արվեց, որ դատաքննության ընթացքում հիմնական վկաները չհայտնվեն դատարանի դահլիճում: Հոկտեմբերի 27-ը պիտի բացահայտվեր Հոկտեմբերի 28-ին». լրագրողների հետ զրույցում ԱԺ պատգամավոր Անդրանիկ Քոչարյանն անդրադարձել է «Հոկտեմբերի 27»-ի ահաբեկչության կազմակերպիչ Նաիրի Հունանյանի վաղաժամկետ ազատ արձակվելու դիմումին:

 

 

«Նաիրի Հունանյանը կարող է դիմել իրավական ընթացակարգով խնդրի լուծմանը, բայց Նաիրի Հունանյանը քսան տարի ուշացել է: Եթե Նաիրի Հունանյանն ունի ինֆորմացիա, որը էապես հնարավորություն կտա Հայաստանի Հանրապետությանը իմանալու' վերջապես Հոկտեմբերի 27-ին ինչ է տեղի ունեցել, թող հանդես գա ասելիքով»: Այն հարցին, թե արդյոք ինքը չի այցելել Հունանյանին, և արդյո՞ք տեղեկություն ունի նրա առողջական վիճակի մասին, ասաց. «Հունանյանի մայրն ու քեռին են ունեցել հոգեկան խնդիրներ: Ես չեմ այցելել իրեն և ցանկություն էլ չունեմ այցելելու, սակայն կարող եմ ասել, որ հոգեկան խնդիրներ չէին կարող չունենալ Հունանյանն ու նրա խմբի անդամները, որովհետև, եթե հոգեկան խնդիրներ չունենային, նրանց չէին օգտագործի հանցանք կատարելու գործում»:

Պատգամավորի կարծիքով՝ Հունանյանի դիմումը հիմնված է ընդամենն ազատ արձակվելու ցանկության վրա, այլ առանցքային բան չկա դիմումի հիմքում. «Հունանյանին հավանաբար որոշ մարդիկ հույս են տվել, որ կարող է ազատության մեջ հայտնվել: Բայց նա հրեշավոր հանցագործություն կատարած մարդ է, նրա արարքը մեր երկիրը քսան տարով զրկել է զարգացման հեռանկարից, հնարավորություն է տվել այլ ուժերի մեր երկիրը մտցնել կոռուպցիոն համակարգի մեջ, որից միայն քսան տարի հետո կարողացանք ազատվել: Այդ հանցանքի մեղավորները, թաքցնողները, Քոչարյանը, դատավոր Ուզունյանը ուշ թե շուտ պատասխան են տալու»:

Մանրամասները' տեսանյութում

Աիդա Կիրակոսյան