ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը հուլիսի 20-ին ր աշխատանքային այց է կատարել Գյումրի: Ինչպես տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Կառավարության ղեկավարի այցը մեկնարկել է Գյումրիում գործունեություն ծավալող «Լենտեքս» ընկերությունից, որը գուլպաների եւ զուգագուլպաների խոշոր արտադրողներից է Հայաստանում: Շրջայցի ընթացքում վարչապետը ծանոթացել է արտադրական հզորություններին եւ ապրանքատեսականուն, գործունեության ընդլայնման հեռանկարներին ու զարգացման ծրագրերին: Շուրջ 6000 քմ արտադրական տարածք եւ մինչեւ 1000 քմ օժանդակ կառույցներ զբաղեցնող «Լենտեքս» ՍՊԸ-ն հագեցած է ժամանակակից մեքենասարքավորումներով, արտադրում է տղամարդու, կանանց եւ մանկական գուլպեղեն, ինչպես նաեւ տրիկոտաժեղեն: Ձեռնարկությունն ունի ավելի քան 300 աշխատակից, շրջանառությունը գերազանցում է 1 մլրդ ՀՀ դրամը: Արտադրանքն իրացվում է Հայաստանում, Արցախում, Ռուսաստանի Դաշնությունում, Վրաստանում եւ Արաբական Միացյալ Էմիրություններում: Վարչապետը կարեւորել է «Լենտեքս» ՍՊԸ գործունեությունը եւ կառավարության անունից ընկերության զարգացման ծրագրերին աջակցելու պատրաստակամություն հայտնել:
Կարեն Կարապետյանը ծանոթացել է Կումայրի պատմական կենտրոնի զարգացման ծրագրի շրջանակում Գյումրու Ռուսթավելի փողոցում իրականացվող հիմնանորոգման աշխատանքների ընթացքին: Վարչապետին զեկուցվել է, որ այստեղ իրականացվել են ապամոնտաժման աշխատանքներ՝ Շիրակացի փողոցից մինչեւ Սայաթ-Նովա փողոցն ընկած հատվածում։ Ամբողջովին ավարտված են կոմունիկացիոն համակարգի նորացման աշխատանքները, կատարվել է հետլիցք, որոշ հատվածներում փողոցը խճապատվել ու բետոնապատվել է: Զուգահեռաբար իրականացվում են նաեւ մայթերի վերանորոգման աշխատանքներ: Փողոցի վերականգնման նախագծային աշխատանքներն իրականացնում է «Հայնախագիծ» ԲԲԸ-ն:
Վարչապետը նաեւ շրջայց է կատարել Գյումրու «Սամարիթեր վերականգնողական կենտրոն» եւ «Բարձրավոլտ էլեկտրական ցանցեր» ընկերությունների, Գյումրու պետական բժշկական քոլեջի տարածքում: Կարեն Կարապետյանը եղել է «Տավրոս» կոշիկի գործարանի ֆիրմային խանութում, եւ, ծանոթանալով ապրանքատեսականուն, ողջունել է տեղական արտադրության զարգացմանը միտված նախաձեռնությունները:
Լրագրողների հետ ճեպազրույցում, ամփոփելով այցի արդյունքները, վարչապետը դրական է գնահատել Կումայրի պատմական կենտրոնի զարգացման ծրագրի շրջանակում կատարվող շինարարական աշխատանքները՝ նշելով. «Սեպտեմբերին ավարտում ենք այս փողոցի շինարարությունը: Կարծում եմ՝ օրինակելի, նոր ենթակառուցվածքներով՝ ջուր, գազ, էլեկտրաէներգիա, կապ, փողոց ենք կառուցում եւ փողոցային շինարարության նոր մշակույթ ենք ներդնում»:
Ինչ վերաբերում է վերոնշյալ ընկերություններում շրջայցին, կառավարության ղեկավարը տեղեկացրել է, որ դիտայցի նպատակն էր ուսումնասիրել նշված տարածքները պետական գերատեսչությունները ավելի ռացիոնալ տեղաբաշխելու եւ ծառայություններն ավելի հասանելի դարձնելու համար: