ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն այսօր հյուրընկալել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Իսրայելի Պետության տարածաշրջանային համագործակցության նախարար Ցախի Հանեգբիի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին տեղեկացրին ՀՀ գյուղատնտեսության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից:
Ողջունելով հյուրերին` ՀՀ գյուղատնտեսության նախարարը կարևորել է երկու երկրների միջև գյուղատնտեսության ոլորտում տարբեր ուղղություններով համագործակցությունն ակտիվացնելու ջանքերի անհրաժեշտությունը` ընդգծելով, որ Իսրայելի փորձը գյուղատնտեսության ոլորտում, մասնավորապես ջրային ռեսուսների օգտագործման առումով, կարող է ուսանելի լինել Հայաստանի համար:
«Մենք մշտապես բաց ենք համագործակցության համար և պատրաստ ենք քննարկել բոլոր առաջարկները, որոնք կակտիվացնեն երկու երկրների միջև գյուղատնտեսության ոլորտում համագործակցությունը, ինչպես նաև օժանդակել գործարար շրջանակների միջև կապերի ամրապնդմանն ու աշխուժացմանը: Գյուղատնտեսության նախարարությունը մի շարք ուղղություններով, մասնավորապես կաթիլային ոռոգման, հակակարկտային ցանցերի տեղադրման, գյուղտեխնիկայի, ինտենսիվ այգիների հիմնման սուբսիդավորման պետական աջակցության ծրագրեր է նախաձեռնել, որոնք բաց են և հետաքրքրության դեպքում մասնակցության հայտ կարող են ներկայացնել նաև իսրայելական ընկերությունները»,- իր խոսքում մասնավորապես նշել է Իգնատի Առաքելյանը:
Ցախի Հանեգբին իր հերթին կարևորել է երկու երկրների միջև համագործակցության խթանումը` շեշտադրելով մասնավոր հատվածի ներգրավումն ու այդ ուղղությամբ գործնական քայլեր իրականացնելու անհրաժեշտությունը: Նրա խոսքով` գյուղատնտեսությունը Հայաստանի և Իսրայելի միջև փոխգործակցության թերևս «ամենաբնական» ոլորտն է:
Երկու երկրների պաշտոնյաները մտքեր են փոխանակել նաև ոռոգման, կաթի արտադրության և վերամշակման, ջերմոցաշինության ոլորտում համագործակցության հնարավորությունների վերաբերյալ:
Հյուրերը տեղեկացրել են, որ Իսրայելի կառավարությունը նախատեսում է Հայաստանի հետ նոր ծրագրեր իրականացնել: Մասնավորապես իսրայելցի գործարարները հետաքրքրված են Հայաստանում հիմնել կաթի վերամշակման գործարան, ինչպես նաև երկարաժամկետ վերապատրաստումներ իրականացնել Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ուսանողների համար` իսրայելական գյուղատնտեսության փորձին ծանոթանալու և նորարարական տեխնոլոգիաները Հայաստանում ներդնելու նպատակով:
Ցախի Հանեգբիին հրավիրել է ՀՀ գյուղատնտեսության նախարարին այցելել Իսրայել` մասնակցելու «Ուոթերթեք» և «Ագրիթեք» միջազգային գյուղատնտեսական ցուցահանդեսներին:
ՀՀ գյուղատնտեսության նախարարն իր հերթին խնդրել է իր պաշտոնակցին փոխանցել հոկտեմբերին Երևանում կայանալիք «Արմպրոդէքսպո» ամենամյա մասնագիտացված ցուցահանդեսին մասնակցելու հրավերը: