Բարեփոխվում է ՀՀ արդարադատության նախարարության քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործընթացը: Այս առնչությամբ «Արմենպրես»-ը զրուցել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանի հետ:
-Քաղաքացիական կացության ակտերի գրանցման ընթացքում մեր քաղաքացիները անմիջապես շփվում են պետական և տեղական ինքնակառավարման մարմինների հետ: Այդ իսկ պատճառով խնդրում եմ տեղեկացնել, թե ինչպիսի՞ բարեփոխումներ են կատարվում ՔԿԱԳ ծառայությունների մատուցման ոլորտում:
-ՀՀ Կառավարության 2017-2022 թվականների ծրագրի շրջանակներում ՔԿԱԳ ոլորտում նախատեսվել են մեծածավալ բարեփոխումներ, որոնք անմիջականորեն վերաբերում են քաղաքացիներին ծառայությունների մատուցմանը, մասնավորապես.
Իրականացվելու է քաղաքացիական կացության ակտերի ոլորտի օրենսդրության արդիականացումը, որի շրջանակներում քաղաքացին կարող է ծառայություններ ստանալ «Մեկ պատուհանի» սկզբունքով ցանկացած ՔԿԱԳ մարմնում, ի տարբերություն ներկա համակարգի, երբ քաղաքացին ծառայություն կարող է ստանալ միայն ըստ բնակության վայրի:
Իրականացվելու է ՔԿԱԳ ծառայությունների մատուցման ոլորտում էլեկտրոնային համակարգի ներդնումը, որի շնորհիվ քաղաքացիները շատ հարցերի և դիմումների պատասխաններ կարողանալու են ստանալ առանց ՔԿԱԳ մարմին այցելելու:
Իրականացվելու է ծննդի և մահվան ավտոմատ գրանցում ՝ անկախ դրա վերաբերյալ դիմում ներկայացնելու հանգամանքից:
Բացի այդ, նախատեսվում է բարեփոխել ՀՀ արդարադատության նախարարության կողմից ՀՀ պաշտոնական փաստաթղթերի ապոստիլով վավերացման ընթացակարգերը, իրականացնել երեխայի միջազգային առևանգման և օտարերկրյա որդեգրումների բնագավառի բարեփոխումներ՝ օրենսդրական մակարդակով ամրագրելով բոլոր ընթացակարգերը, ինչպես նաև թվայնացնել քաղաքացիական կացության ակտերի թղթային արխիվը:
-Արդյո՞ք ՔԿԱԳ ծառայությունների մատուցման ժամկետները ողջամիտ են:
-«Քաղաքացիական Կացության ակտերի մասին» օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ մասին համաձայն՝ ՔԿԱԳ մարմինը քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցումն իրականացնում է ՔԿԱԳ մարմին փաստաթղթերի ներկայացման օրը, եթե սույն օրենքով այլ ժամկետներ նախատեսված չեն»:
Օրինակ՝ ծննդյան, հայրության ճանաչման գրանցումները իրականացվում են դիմում ներկայացնելու օրը:
Բացի այդ, այն դեպքերում, երբ «Քաղաքացիական կացության ակտերի մասին» օրենքում սահմանվել է այլ ժամկետ, ապա տվյալ ժամկետը հստակեցված է լինում՝ ներառելով վերջնաժամկետը:
Օրինակ՝ ամուսնության գրանցումն իրականացվում է ոչ շուտ, քան դիմումը ներկայացնելու օրվան հաջորդող 10-րդ օրը և ոչ ուշ, քան երեք ամիսը(բացառությամբ հարգելի պատճառների դեպքերում):
-Ինչ տուրքեր են գանձվում ՔԿԱԳ ծառայությունների մատուցման համար:
-«Քաղաքացիական կացության ակտերի մասին» օրենքի 13-րդ հոդվածի համաձայն Քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցումների և դրանց հետ կապված այլ գործառույթների համար գանձվում է պետական տուրք՝ օրենքով սահմանված կարգով և չափով: Օրինակ՝ հայրության ճանաչման գրանցման համար պետական տուրքը կազմում է 1 000 ՀՀ դրամ:
Սակայն հարկ է նշել, որ որոշ ծառայությունների համար պետական տուրք չի գանձվում: Օրինակ՝ ծննդյան, որդեգրման, մահվան գրանցումների դեպքում պետական տուրք չի գանձվում:
-Արդյո՞ք հասարակությունը տեղեկացված է ՔԿԱԳ ոլորտում մատուցվող ծառայությունների, ժամկետների, պետական տուրքերի դրույքաչափերի վերաբերյալ:
-Շատ կարևոր է, որ քաղաքացին իրազեկ լինի ՔԿԱԳ ոլորտում ծառայությունների մատուցման ժամկետներին և վճարներին: ՔԿԱԳ մատուցվող ծառայությունները, ժամկետները, պետական դրույքաչափերը սահմանված են «Քաղաքացիական կացության ակտերի մասին» օրենքով, որը պաշտոնապես հրապարակված է և հասանելի է բոլորին: Արդարադատության նախարարությունը պարբերաբար իրազեկման արշավներ է կազմակերպում: Ներկայումս ՔԿԱԳ ոլորտում մատուցվող ծառայությունների, ժամկետների, պետական դրույքաչափերի վերաբերյալ կազմվել է ինֆոգրաֆիկա, որպեսզի ՔԿԱԳ ոլորտում մատուցվող ծառայությունների, ժամկետների, պետական տուրքերի վերաբերյալ տեղեկատվությունը ավելի մատչելի դառնա հասարակության համար:
-ՔԿԱԳ ծառայությունների բողոքարկման ի՞նչ մեխանիզմներ են գործում:
-Արդարադատության նախարարությունը մեծ արշավ է սկսել ՔԿԱԳ ոլորտում ծառայությունների որակը բերալավելու և վերահսկելու, ինչպես նաև ՔԿԱԳ ոլորտում ծառայությունների որակի վերաբերյալ քաղաքացիների կարծիքները ստանալու համար:
ՔԿԱԳ ծառայությունների մատուցման հետ կապված բողոքների և առաջարկների դեպքում քաղաքացին կարող է աշխատանքային ժամերին կապվել Արդարադատության նախարարության թեժ գիծ ծառայությանը՝ +374 10 59-41-90: Կամ նամակ գրել Արդարադատության նախարարության էլեկտրոնային հասցեին` [email protected] :