Աջափնյակ եւ Դավիթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Տաթեւիկ Գրիգորյանը պետք է պաշտոնանկ արվի. փաստաբան Տիգրան Հայրապետյանը նման խնդրանքով է դիմել Սերժ Սարգսյանին: «Ինձ թվում է այնպիսի խախտումներ է դրսեւորել, որ նրա լիազորությունները որպես դատավորի, պետք է դադարեցվի: Դատավորի թույլ տված խախտումները հեղինակազրկում են արդարադատությունը եւ դրանք անհամատեղելի են դատավորի բարձր կոչման հետ»,- այսօր հայտարարեց փաստաբան Տիգրան Հայրապետյանը:
Դատավոր Տաթեւիկ Գրիգորյանը քննում է «Նոր Հայաստան» շարժման առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանի եւ մյուսների գործը։ Դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի՝ ոտքի չկանգնելու համար ամբաստանյալներին տարբեր ժամերով հեռացրել է նիստերի դահլիճից եւ երկար ժամանակ է հնարավորություն չի տալիս մասնակցել նիստերին։
Մինչդեռ, ըստ պաշտպանի, հեռացնելը պետք է հաշվարկվի փաստացի ժամերով: «Եթե ամբաստանյալը հեռացվում է 6 կամ 10 ժամով, սա նշանակում է, որ հաջորդ դատական նիստին պետք է ներկա լինի դատաքննությանը, հենց դատական օրենսգրքի այս նորմն է, որ բացահայտում է դատական սանկցիայի էությունը եւ այն կիրառելու պայմանը: Մինչդեռ շատ դատավորներ, այդ թվում՝ Տաթեւիկ Գրիգորյանը չունենալով համապատասխան գիտելիքներ եւ տարրական տրամաբանություն շարունակում են պաշտոնավարել»:
Դատավորի գործողություններն, ըստ պաշտպանի, հակասական են: Ոտքի չկանգնելու համար հեռացված Ժիրայր Սեֆիլյանին նախորդ նիստերից մեկում դատավորը հրավիրել է նիստերի դահլիճ եւ հարցեր ուղղել։ «Սեֆիլյանը կրկին առանց ոտքի կանգնելու սկսեց հանգիստ պատասխանել նախագահողին, եթե նախագահող դատավորը ոտքի չկանգնելը դիտում էր անհարգալից վերաբերմունք դատարանի նկատմամբ, եւ դրա համար կիրառել էր սանկցիա, ապա դատավորն ինչպե՞ս կարող էր նման «արհամարհական» վերաբերմունք դրսեւորած ամբաստանյալի հետ քննարկումներ իրականացնել եւ պատասխաններ ստանալ: Առաջնորդվում է պահի թելադրանքով, այս դեպքում կասկած է առաջանում, որ դատավորն ինչ-որ մեկի ցուցումով է առաջնորդվում»,- ասում է պաշտպանը: