Հուլիսի 30-ին Սևանի «Միրաժ» լողափում տեղի ունեցած սպանության փաստով 36-ամյա Էդգար Հովհաննիսյանին մեղադրանք է առաջադրվել:
«Փաստինֆո»-ն Քննչական կոմիտեից տեղեկացել է, որ Էդգար Հովհաննիսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով և քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ նրա նկատմամբ խափանման միջոց կալանավորումն ընտրելու վերաբերյալ:
Ավելի վաղ՝ տեղեկացրել էինք, որ նշված օրը «Միրաժ» լողափում ծեծկռտուք է տեղի ունեցել՝ մի կողմից Աշոտ Հովհաննիսյանի և նրա որդիներ՝ Էդգար ու Մամիկոն Հովհաննիսյանների, իսկ մյուս կողմից՝ Դավիթ Առաքելյանի և նրա ընկերների միջև, որից հետո Ա.Հովհաննիսյանը մահացած վիճակում տեղափոխվել է բժշկական կենտրոն։
Կողմերի միջև վիճաբանությունն ու Հովհաննիսյանի մահվան միջադեպն այսքանով չի ավարտվել, ծեծկռտուքը շարունակվել է Երևան-Սևան-Իջևան ճանապարհի բանուկ մասում՝ մահացած Հովհաննիսյանի որդին «Մերսեդես» ավտոմեքենայում գտնվող Դավիթ Առաքելյանին իջեցրել է և որսորդական հրացանից կրակոց արձակել գլխի ուղղությամբ, վերջինս էլ ստացած մարմնական վնասվածքից տեղում մահացել է։
Իսկ նախօրեին, մեր հարցմանն ի պատասխան՝ Քննչական կոմիտեից հայտնել էին, որ դատաբժշկի տրամադրած նախնական տվյալների համաձայն՝ Էդգար Հովհաննիսյանի հոր՝ Աշոտ Հովհաննիսյանի մահը վրա է հասել սրտի կաթվածի հետևանքով:
Նշենք նաև, որ մահացած Աշոտ Հովհաննիսյանի 36-ամյա որդին ներկայացել էր վարույթն իրականացնող մարմին՝ հանձնելով նաև հանցագործության գործիք հանդիսացող որսորդական հրացանը: