«Հանրապետական երկրաբանական ֆոնդում» առկա երկրաբանական տեղեկությունների 81 տոկոսն արդեն թվայնացվել է։ Ինչպես տեղեկացրին ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, մինչև տարեվերջ ֆոնդի ամբողջ բազան առցանց հասանելի կլինի hանրությանը։


Նախարարության աշխատակազմի ընդերքի գործակալության երկրաբանության, նորմատիվամեթոդական և վերլուծության բաժնի պետ Շուշանիկ Քերոբյանի ներկայացմամբ. «Տեղեկությունների 80 տոկոսը տեղադրված է այդ նպատակով ստեղծված www.geo-fund.am ինտերնետային կայքում և հասանելի է բոլորին։ Թվայնացված երկրաբանական տեղեկությունների մնացած մասի տեղադրումն ընթացքի մեջ է»։


Շուշանիկ Քերոբյանի խոսքով՝ «Հանրապետական երկրաբանական ֆոնդ» ՊՈԱԿ-ում առկա օգտակար հանածոների հանքավայրերի և երևակումների բոլոր 1380, ինչպես նաև 2014-2017 թթ. ընթացքում կազմված օգտակար հանածոների հանքավայրերի թվայնացված անձնագրերը տեղադրված են կայքում:


«Հանրապետական երկրաբանական ֆոնդում» պահպանվող տեղեկատվության հասնելիության և մատչելիության ապահովումը ընդերքօգտագործման ոլորտն առավել գրավիչ կդարձնի ներդրումային ծրագրերի իրականացման համար: Ներդրողները հնարավորություն կստանան առանց ավելորդ ժամանակ և միջոցներ ծախսելու՝ ծանոթանալ ֆոնդում առկա տեղեկատվական բազային: