«Լակուզեռ Հայաստան» ընկերությունը դադարեցնում է իր՝ որպես շահագործողի գործունեությունը «Ալյանս» ազատ տնտեսական գոտում։ Այս ընկերությունն «Ալյանսում» սկսել էր գործել 2015 թվականի մայիսի 21-ից։ 2017 թվականի հունվարի 1-ին ավարտվել է «Հայաստանի Հանրապետության` «Եվրասիական տնտեսա­կան միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին միանալու վերաբերյալ» պայմանագրի արձանագրության Հավելված 2-ով վերցված բացառության ժամկետը, ինչը նշանակում է, որ ԱՏԳ-ում արտադրված ապրանքի օտարերկրյա հումքի մասով պետք է վճարվի մաքսատուրք։
 
«Լակուզեռ Հայաստան» ՍՊԸ հանդիսանում է «Ալյանս» ԱՏԳ շահագործող 2015 թվականի մայիսի 21-ից։ 2017 թվականի հունվարի 1-ին ավարտվել է «Հայաստանի Հանրապետության` «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին միանալու վերաբերյալ» պայմանագրի արձանագրության հավելված 2-ով վերցված բացառության ժամկետը, ինչը նշանակում է, որ ԱՏԳ-ում արտադրված ապրանքի օտարերկրյա հումքի մասով պետք է վճարվի մաքսատուրք։ Միաժամանակ ազատ տնտեսական գոտիների շահագործողների համար գործում են ՀՀ կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 17-ի N 1118-Ն որոշմամբ սահմանված արտոնությունները, սակայն, ըստ համապատասխան կարգավորումների՝ հիմնական նախապայմանը հումքի ԵԱՏՄ տարածքում չարտադրվելն է։ Ընկերությունն որոշում է կայացրել դադարեցնել իր գործունեությունը «Ալյանս» ԱՏԳ տարածքում։
 
Սա առաջին, բայց կարծես թե վերջին դեպքը չէ, երբ ազատ տնտեսական գոտում գործունեություն ծավալող ընկերությունները ԵԱՏՄ պատճառով լքում են Հայաստանը: ՀՀ-ում ազատ տնտեսական գոտիները նպատակ ունեն ներգրավել ներդրումներ, խթանել բարձր և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում ստեղծված արդյունքի արտահանումը, նպաստել տվյալ հատվածում հայկական բրենդի ճանաչմանն ու տարածմանը: Ակնհայտ է, որ ԵԱՏՄ անդամակցությունից հետո Հայաստանում օտարերկրյա ուղղակի ներդրումները դրսեւորում են կրճատման միտումներ: Շատ էր խոսվում այն մասին, որ ԵՏՄ-ին միանալուց հետո օտարերկրյա ներդրումները Հայաստանի տնտեսությունում կավելանան: 2015թ. 1-ին կիսամյակի տվյալներով Ռուսաստանից Հայաստան ՕՈՒՆ-երը կրճատվել են 12 անգամ: 2015թ. 1-ին կիսամյակում ՕՈՒՆ-երի ծավալը 46,1%-ով կրճատվել է նաեւ Ռուսաստանում: Ըստ «The Financial Times» թերթի՝ այդ ժամանակահատվածում Ռուսաստանում կատարվել են ընդամենը 2,806 մլրդ դոլարի օտարերկրյա ուղղակի ներդրումներ, ավելի քիչ, քան, օրինակ, Բոսնիա-Հերցեգովինայում (2,834 մլրդ դոլար): Ռուսաստանում անորոշության եւ քաղաքական բարձր ռիսկերի պայմաններում օտարերկրյա ընկերությունները ձեռնպահ են մնում մասնակցել ներդրումային նախագծերում: Այսինքն, Ռուսաստանն ինքն է ապրում ներդրումային քաղցի պայմաններում եւ, բնականաբար, խոսք չի կարող լինել իր ազդեցության գոտում գտնվող երկրներում ներդրումային նախագծեր իրականացնելու մասին: Բացի այդ ԵԱՏՄ փաստաթղթերի կիրառումը սկսել է խոչընդոտներ հարուցել հայաստանյան գործարարների համար՝ միությունից դուրս արտահանումներ իրականացնելու ժամանակ: Օրինակ՝ ԵԱՏՄ շրջանակներում կնքված «Ապրանքների ծագման երկիրը որոշելու միասնական կանոնների մասին» համաձայնագրից հետո, հետևելով ԵԱՏՄ պահանջներին, մաքսավորները պահանջում են որպես ծագման երկիր նշել այն պետությունը, որտեղից ներմուծվել է հումքը: Արդյունքում արտադրանքն այլևս չի կարող ներկայացվել որպես հայաստանյան, ուստի չի կարող առանց մաքսատուրքի վաճառվել Եվրամիությունում ու Վրաստանում:
 
Վարչապետ Կարեն Կարապետյանը կառավարության նիստերից մեկում հայտարարել էր, որ ներդրողներին ցավեցնելու, նրանց համար որևէ խոչընդոտ ստեղծելու ցանկություն կառավարությունը չունի: Արդյո՞ք Հայաստանի իշխանությունները գիտակցում են, որ օր-օրի ավելի դժվար է դառնում թաքցնել ԵԱՏՄ բացասական ազդեցությունը մեր տնտեսության և հատկապես ներդրումային միջավայրի վրա: Եթե չվերանայվի այս քաղաքականությունը, ապա ազատ տնտեսական գոտիներ ստեղծելու իմաստը վերանում է ինքնըստինքյան…
 
Ստելլա Խաչատրյան