ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրած բողոքով քաղաքացին տեղեկացրել է, որ Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունը բռնագանձում է տարածել զինվորական հաշմանդամության կենսաթոշակի վրա: Ինչպես տեղեկացրին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից, խնդրի կապակցությամբ պաշտպանի աշխատակազմում սկսվել է բողոքի քննարկման ընթացակարգ: Իրավասու պետական մարմնի հետ կատարված համատեղ աշխատանքների արդյունքում Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության կողմից որոշում է կայացվել քաղաքացու դրամական միջոցների վրա դրված արգելանքը հանելու մասին:
Իրազեկում. «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 60-րդ հոդվածի համաձայն՝ կատարողական թերթով բռնագանձում չի կարող տարածվել այն դրամական գումարների վրա, որոնք վճարվում են` հաշմանդամներին ծառայողական պարտականությունները կատարելիս ստացած հաշմության(վիրավորվել, կոնտուզիա, վնասվածք) համար այդ անձանց կամ նրանց մահվան դեպքում` ընտանիքներին առողջության, ինչպես նաև կերակրողի մահվամբ պատճառված վնասների հատուցման համար: Ալիմենտային պարտավորությունների համար որպես պետական նպաստ, վնասակար կամ ծայրահեղ դժվարին պայմաններում աշխատող անձանց` որպես փոխհատուցում, տուժողին` լրացուցիչ սննդի, առողջարանային բուժման, պրոթեզավորման և նրա խնամքի համար, աշխատանքից ազատվելու դեպքում` որպես արձակման նպաստ: