Հայաստանը չուներ այլընտրանք Եվրասիական տնտեսական միությանը: Tert.am-ի հետ զրույցում այս մասին ասել է ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը՝ խոսելով Եվրասիական տնտեսական միությունից դուրս գալու վերաբերյալ հնչեցված առաջարկի մասին: Վահրամ Բաղդասարյանը նշել է, որ Հայաստանը ԵՏՄ-ին այլընտրանք չուներ և եթե լիներ «այլ տեղում, ապա կունենար ավելի լուրջ խնդիրներ», ուստի, նրա համոզմամբ, «մենք ճիշտ տեղում ենք, ճիշտ ժամանակին»:
Նմանատիպ շեշտադրում է այսօր արել նաև Էդուարդ Շարմազանովը: Նրա կարծիքով` ՀՀ արտաքին դիվանագիտությունը շատ ճիշտ է աշխատում. «Մենք ինչ արել ենք, արել ենք մեր շահերից ելնելով: Ո՛չ ՀԱՊԿ, ո՛չ ԵՏՄ մտնելով, մենք Ռուսաստանին չենք լավություն արել, ոչ էլ ԱՄՆ-ի հետ ենք հարաբերությունները զարգացնում ԱՄՆ-ի համար. մենք դա անում ենք մեր շահերի համար:
Մինչդեռ օրեր առաջ նույն Շարմազանովը խոստովանել էր Ռուսաստանի կողմից ճնշման փաստը: Խոսելով Վրաստանում և Հայաստանում զբոսաշրջության զարգացման մասին՝ նա ասել էր, որ հնարավոր է՝ Վրաստանը կնախընտրեր ավելի քիչ զբոսաշրջիկ ունենալ, բայց տարածքներ չկորցնել: Հայաստանում դա ընկալեցին որպես խոստովանություն. Ռուսաստանը Հայաստանին սպառնացել է տարածքային կորուստներով՝ ԵՏՄ անդամակցումից հրաժարվելու դեպքում:
Արդյո՞ք Ռուսաստանն իրոք սպառնացել է Հայաստանին: Եվ ի՞նչ կարող էր անել Մոսկվան, եթե Հայաստանը հրաժարվեր ԵՏՄ-ից, ի՞նչ խնդիրների առջև կարող էինք կանգնել: Ռուսաստանը Հայաստանից չէր կարող տարածք խլել, նա չէր կարող Արցախն Ադրբեջանին հանձնել՝ դա ակնհայտ է: Սակայն, շանտաժի ենթարկելով Հայաստանին` Ռուսաստանը հասկացնում է` եթե ինքը մտնի Եվրոպական միության հետ ավելի խորը համագործակցության դաշտ, հրաժեշտ կտա Արցախի հարակից տարածքներին: Դա է պատճառը, որ Մոսկվան չի հրաժարվում Լավրովի պլանից: Ու թեև Կրեմլը չունի գործնականում այն կիրառելու հնարավորություն, հայկական կողմը նախընտրում է ռիսկի չդիմել՝ ԵՄ-ից անվտանգության երաշխիքներ չստանալու պատճառով:
Շարմազանովը պնդում է նաև, որ Հայաստանի տնտեսությունն ավելի շատ է կապված ԵՏՄ անդամների հետ, «և մեր ապրանքները մրցունակ են ԵԱՏՄ շուկայում: Մինչդեռ Հայաստանն էներգետիկ այլընտրանք ունի ինչպես ի դեմս Իրանի, այնպես էլ վերականգվող աղբյուրների: Իսկ Հայաստանի էներգետիկ ոլորտում ԱՄՆ և ԵՄ ներդրումների մասին առաջարկները ոչ միայն էներգետիկ անվտանգության, այլ նաև տնտեսական զարգացման գրավական են:
Որպես կանոն՝ միջազգային պայմանագրերն ունենում են ամփոփիչ հոդվածներ, որտեղ մանրամասն ներկայացված է լինում, թե ինչպես է դադարեցվում պայմանագրի գործունեությունը ինչ-որ մի երկրի համար, բայց ԵՏՄ պայմանագրում նշված չեն դուրս գալու մեխանիզմները: Հետևաբար, դժվար չէ պատկերացնել, որ եթե Մոսկվան ԵՏՄ-ին չանդամակցելու համար էր սպառնում Հայաստանին, ապա ինչպիսի շանտաժի կդիմի, եթե հայկական կողմը որոշի լքել այս կառույցը: Ահա այստեղ են սկսվելու Հայաստանի իրական խնդիրները:
Ստելլա Խաչատրյան