Բասկետբոլի Հայաստանի ազգային հավաքականի փայլուն մեկնարկը աշխարհի առաջնության ընտրական փուլում մարզասերների շրջանում իրական բում է առաջացրել: Մեր բասկետբոլիստները, ցուցադրելով տպավորիչ խաղ, պարտության մատնեցին Սլովակիայի և Շվեդիայի պես հավաքականներին՝ լուրջ հայտ ներկայացնելով աշխարհի առաջնության հիմնական ընտրական փուլ դուրս գալու:
Անկախ Հայաստանի պատմության մեջ սա Բասկետբոլի ազգային հավաքականի առաջին ելույթն ու առաջին հաջողությունն է նման մակարդակի մրցաշարում, որը, կարծում ենք, պատշաճ լուսաբանելու և հանրությանը ներկայացնելու կարիք ունի:
Այսօր մեր ազգային թիմը ընտրական փուլի երրորդ հանդիպումն է անցկացնելու՝ Սարաևոյում մրցելով Բոսնիա և Հերցեգովինայի ընտրանու հետ: Վերջին օրերին «Առաջին լրատվական»-ի սպորտային բաժին են դիմում բազմաթիվ մարզասերներ, ովքեր դժգոհում են, որ Հայաստանի հավաքականի մասնակցությամբ հանդիպումների հեռարձակումները դիտելու հնարավորություն ուղղակի չունեն: Խոսքը վերաբերում է հատկապես Սփյուռքում բնակվող մեր հայրենակիցներին:
Հայաստանի հավաքականի մասնակցությամբ ելույթները ցուցադրում է «Կենտրոն» հեռուստաընկերությունը, որը Հայաստանից դուրս բնակվող շատ հայերի համար հասանելի չէ: Երկրորդ կարծիք լինել չի կարող, որ այս հավաքականի ելույթները պետք է ցուցադրվեին Հանրային հեռուստաընկերության եթերում և հասանելի լինեին մեր հայրենակիցների ավելի լայն շերտերի:
Մանրամասները՝ այստեղ: