Օգոստոսի 13-ին, ժամը 15:00-ի դրությամբ դեպքի վայրում հերթապահություն են իրականացնում Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ, Ջերմուկի հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Վայքի հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը (5 փրկարար):

Հրդեհաշիջմանը մասնակցում են թվով 50 փրկարար, ինչպես նաև «Անտառտնտեսություն» ՊՈԱԿ-ից՝ 7, Բնապահպանության նախարարությունից՝ 4, մարզպետարանից՝ 2 աշխատակիցներ և հարակից գյուղերից 2 քաղաքացի:

***

Հիշեցնենք, որ օգոստոսի 10-ին, ժամը 18:50-ին ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում անձը չպարզված քաղաքացուց ահազանգ էր ստացվել, որ ՀՀ Վայոց ձորի մարզում՝ Արտավան գյուղում, այրվում է խոտածածկ տարածք:

Պարզվել էր, որ Մ-2 ավտոճանապարհի Վայք-Սարավան հատվածի 10-րդ կմ-ից դեպի Արտավան գյուղն ընկած տարածքում այրվում է խոտածածկույթ, բռնկվել է 14 էլեկտրասյուն, ինչի հետևանքով հոսանքազրկվել էր Արտավան գյուղը:

Առաջին անգամ հրդեհաշիջման համար օգտագործվել են մոտակա ջրամբարի պաշարները:

Հրդեհի (450-500 հա խոտածածկ և անտառածածկ (80 հա) տարածք) վտանգավոր օջախները հաջողվել է մարել՝ բացառելով հրդեհի հետագա տարածումը, տեղում աշխատող փրկարարները շարունակում են կրակի առավել մանր օջախների մարման աշխատանքները: