Ոստիկանության ՊՊԾ գունդը զավթելու մեջ մեղադրվող «Սասնա ծռեր» խմբի անդամ Հովհաննես Հարությունյանը լուրջ առողջական խնդիրներ ունի. մտավախություն կա, որ նրա մոտ կարող է անկիլոզ (Բեխտերև) առաջանալ: Այս մասին ԼՈւՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց Հովհաննես Հարությունյանի շահերի պաշտպան Հայարփի Սարգսյանը:
«Դեռևս մարտ ամսին Եվրոպական դատարանի պահանջով բժիշկներ էին հրավիրվել: Ուսումնասիրելուց հետո նրանք նշել էին, որ բացի վիրահատությունը, նրան նաև վերականգնողական բուժում է հարկավոր, բայց այն վերականգնողական բուժումը, որն իրականացվել էր, ըստ եվրոպացի բժիշկների, այնքան էլ արդյունավետ չէր և անհրաժեշտ էր կոնսոլիում հրավիրել, իմանալու համար, թե ինչ բուժում պետք է իրականացվի»,- նշեց պաշտպանը:
Սարգսյանի խոսքով՝ ըստ եվրոպացի բժիշկների թիմի՝ Հարությունյանը պետք է կրկին հետազոտվեր, սակայն ոչինչ չարվեց. «Եվրոպական բժշկական թիմը եզրակացություն կայացրեց և նշեց, որ անհասկանալի է, թե ինչ բուժում են իրականացրել: Նշվել էր, որ Հովհաննես Հարությունյանը դեռևս 2016 թվականի օգոստոսից պետք է վիրահատվեր, սակայն մինչ օրս չի վիրահատվել: Եվրոպացի բժիշկների թիմը որոշել է, որ վիրահատություն է անհրաժեշտ, այլապես նա կարող է մնալ հաշմանդամ և ամբողջ կյանքում դեղեր խմել: Օտար մարմին կա ոտքի մեջ և կարող է առաջանալ անկիլոզ (Բեխտերև) հիվանդությունը»,- նշեց փաստաբանը:
Պաշտպանը մտահոգություն հայտնեց՝ այս երեք ամիսների ընթացքում որևէ հետազոտություն չի արվել և այժմ պարզ չէ՝ արդյո՞ք իր պաշտպանյալն արդեն ձեռք է բերել այդ հիվանդությունը, թե՝ ոչ. «Նրա առողջական վիճակն այնքան վատ է, որ եթե վիրահատություն չարվի, կարող է առաջանալ անկիլոզ՝ ծնկան հոդում անշարժություն, որի նշաններն արդեն կան, չի կարողանում ոտքը նորմալ ծալել: Դատական նիստերին էլ տեսնում ենք, որ աստիճաններով չի կարողանում իջնել-բարձրանալ»:
Պաշտպանը նշեց, որ Հովհաննես Հարությունյանը գտնվում է «Նուբարաշեն» ՔԿՀ-ում, որտեղ բուժակներ չեն գնում, իսկ լինում են նաև դեպքեր, երբ բուժակը գնում է ներարկում անելու համար, հսկիչը դուռը չի բացում բանալի չունենալու պատճառաբանությամբ:
Հիշեցնենք, որ Հովհաննես Հարությունյանը ոտքի ծանր վիրավորում էր ստացել ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքում:
Հովհաննես Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 219-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (Շենքեր, շինություններ, տրանսպորտի, հաղորդակցության կամ կապի միջոցներ, այլ հաղորդակցության ուղիներ զավթելը կամ դրանք պահելը, որը կատարվել է կազմակերպված խմբի կողմից) եւ 235-րդ հոդվածի 3-րդ մասով (Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը, որը կատարվել է կազմակերպված խմբի կողմից): Նա կալանավորված է:
Սոնա Հարությունյան