Այս օրերին մամուլի ուշադրության կենտրոնում են հայտնվել դերասան, հումորիստ Վահագն Սիմոնյանի (Պոնչո) և իր նախկին կնոջ անձնական խնդիրները։

Ի՞նչն է հիմնական խնդիրը

Վահագն Սիմոնյանը մամուլով հայտարարեց, որ երեխանեին առևանգել ու պահում են «Ջամբո» ռեստորանային համալիրում, ավելին՝ այնտեղ նրանց կյանքին լուրջ վտանգ է սպառնում՝ «փրկե՜ք, երեխեքիս»։

Իրականում

Առևանգում չկար, երկու տղա երեխաները բնակվում են Վահագնի նախկին կնոջ՝ Մարիամի հետ, ով Վահագնի հետ ամուսնալուծությունից հետո իր կյանքը կապել է «Ջամբո» ռեստորանային համալիրի սեփականատեր Արտյոմ Վարդանյանի հետ։ Այժմ երեխաներն ապրում են նրանց հետ, ամուսնալուծության մասին կա դատական ակտ, սահմանված տեսակցության կարգ։ Ինչպես ներկայացված տեսանյութում, այնպես էլ մեզ հետ առանձնացրույցներում երեխաների մայրը հավաստիացնում է՝ երեխաներն ազատ են իրենց հոր հետ շփումներում և իրենք են որոշում, երբ և ինչքան ժամանակ անցկացնել նրա հետ, երբևէ ինքը խոչընդոտ չի դառնում հոր և երեխաների հարաբերություններին։ Տեղեկացնում է նաև, որ Վահագնը մի անգամ առանց զգուշացման տարել է տղաներից փոքրին և մեկ ամիս շարունակ հետ չի բերել, ինչով խախտել է սահմանված տեսակցության կարգը։

Այս խնդրին անդրադարձել է նաև ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության 3-րդ վարչության պետ, ոստիկանության գնդապետ Նելլի Դուրյանը: Նա մասնավորապես հայտնեց, որ պատանդ չեն վերցրել և երեխաները գտնվում են ապահով պայմաններում:

ՀՀ ոստիկանության Կոտայքի բաժնի Գառնիի բաժանմունքում նախապատրաստվում են նյութեր:

Արդյունքում

Մարիամի ներկայիս ամուսինը՝ Արտյոմ Վարդանյանը, պատրաստվում է դատի տալ Վահագն Սիմոնյանին՝ իր հեղինակությանը և գործարար համբավին լուրջ վնաս հասցնելու համար։ Արտյոմ Վարդանյանը պնդում է՝ այս օրերին իր ռեստորանի այցելուների թիվը կտրուկ անկում է ապրել, մարդիկ վախենում են գնալ այդ ռեստորան, քանի որ պատկերացնում են, թե այնտեղ մարդիկ են առևանգում և, օրինակ, կենդանիների համար նախատեսված վանդակում պահում։

Երեխաները գտնվում են բարդ հոգեբանական վիճակում. հրաժարվում են դուրս գալ տնից, գնալ դպրոց, պատճառն ամոթն է: Նրանց հետ ներկայում այս խնդիրները հաղթահարելու համար մասնագետներ են աշխատում։

ԼՈւՐԵՐ.com-ի ներկայացրած տեսանյութում երեխաներից մեկը նաև որոշեց հրապարակել ձայնագրություն, թե ինչպես է հայրը խոսում իր հետ, ինչ վիրավորական արտահայտություններ է անում, ինչն էլ հիմք է դառնում, որ ինքը խուսափի հորը տեսակցելուց։

Մայրը մեզ հետ զրույցում նաև անդրադառնում է երեխաներին ուղղված քննադատություններին, թե ինչու են այդպես խոսում իրենց հոր հետ։ Մայրը հավաստիացնում է՝ իր երեխաները ստանում են լավ դաստիարակություն, դպրոցում առաջատար են, տարբեր հետաքրքրություններ ունեն և բազմազբաղ առօրյայով ապրող երեխաներ են։ Խնդրում է նրանց դաստիարակությունը, մակարդակը չդնել կասկածի տակ։