Պետական եկամուտների կոմիտեի նախաբացթողումային հսկողության վարչության կողմից 2017-ի հունիս-օգոստոս ամիսներին հայտնաբերվել է մաքսային կանոնների խախտման 71 դեպք, որից 10-ը` ԵԱՏՄ երկրներից տեղափոխվող բեռների վերաբերյալ: Ինչպես տեղեկացրին ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, բացահայտված դեպքերից 29-ը եղել է թմրանյութերի և հոգեմետ նյութերի մասով:

Ընդհանուր առմամբ, այս տարվա ընթացքում ՆՀՎ կողմից բացահայտվել է մաքսային կանոնների խախտման 159 դեպք, որից 23-ը` ԵԱՏՄ բեռների, իսկ 63-ը` թմրանյութերի և հոգեմետ նյութերի վերաբերյալ:

Կանխվել են նաև օրինախախտ ճանապարհով տարատեսակ ապրանքների, այդ թվում ոսկյա և արծաթյա զարդերի, կոսմետիկ միջոցների, տեխնիկայի, տարբեր մոդելի բջջային հեռախոսների, շինանյութի, բժշկական սարքավորումների, գյուղմթերքի, պարենային, տնտեսական և այլ ապրանքների ապօրինի տեղափոխման փորձեր:

Արձանագրվել են նաև չհայտարարագրված կամ ապրանքների թերհայատարարագրման, մաքսային ապահովման միջոցի վնասման և  մաքսային կանոնների խախտման այլ փորձեր: Քաղաքացիները համապատասխան ձևակերպումներից խուսափելու նպատակով ապրանքը փորձել են տեղափոխել ավտոմեքենաներում նախապես պատրաստված թաքստոցներում: