Ֆինանսների նախարարության նախաբացթողումային հսկողության վարչությունը Բագրատաշենի մաքսակետում 2014-ի հունվար-օգոստոս ամիսների ընթացքում մաքսային կանոնների խախտման 15 դեպք է հայտնաբերել:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, բացահայտումների վիճակագրությունը փաստում է, որ մաքսանենգներն ամեն անգամ տարբեր մեթոդներով են փորձ արել շրջանցել մաքսային հսկողությունը:
Այսպես. տարբեր ավտոմեքենաներիի զննմամբ վարչության աշխատակիցները հատուկ հարմարեցված թաքստոցներից' գազաբալոնի, բենզաբաքի, պահեստային անվադողերի միջից, նստատեղի տակից, բեռնախցիկի հատակից տարբեր մոդելների ավելի քան 330 բջջային հեռախոս են հայտնաբերել: Այդպիսի գաղտնարաններից վերջերս էլ մոտ 50կգ տարբեր տեսակի դեղորայք և նույնքան էլ կոսմետիկ միջոցներ են բացահայտվել:
Օրերս էլ վարչության աշխատակիցները ռենտգենյան զննմամբ' բեռնախցիկի հատակից բացահայտել են շուրջ 400կգ ավտոպահեստամասեր: Ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումներով էլ կանխվել են շուրջ 30 հազար տուփ սիգարետի արտահանման փորձերը: Ընդ որում, այս դեպքում մաքսանենգ պահեստի էին վերածվել Ռուսաստան ուղևորվող ավտոբուսների ոչ միայն բեռնախցիկներն, այլև սանհանգույցի համար նախատեսված հատվածը:
Մեկ այլ դեպքով էլ, կրկին բեռնախցիկի հատակ ից, հայտնաբերվել են շուրջ 110կգ տարբեր տեսակի լվացքի փոշիներ և հեղուկներ: Բագրատաշենի մաքսակետում վարչության աշխատակիցների ուշադրությունից չի վրիպել նաև անօրինական ճանապարհով ավտոմեքենաների ներկրման փորձերը. կանխվել է արտասահմանյան համարները տեղականով փոխարինելու հնարքով առանց հայտարարարագրման ավտոմեքենա ներմուծելու փորձը:
Ի դեպ, տարեսկզբին շուրջ 1 տոննա «հերոին» տեղափոխելու փորձ կատարած բեռնատարի վերաբերյալ որոշակի կասկածներ առաջացել էին հենց Բագրատաշենի մաքսակետը հատելու ընթացքում: