Հունահռոմեական ոճի ըմբիշ Օլիմպիական խաղերի չեմպիոն, աշխարհի և Եվրոպայի եռակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը չի պատրաստվում բավարարվել ձեռք բերածով:
«Շատ ուրախ և հպարտ եմ, որ դարձա աշխարհի եռակի չեմպիոն: Հերթական անգամ աշխարհի չեմպիոնի ոսկին նվաճելուց հետո ձգտելու եմ, որ հաջորդ տարի ևս դառնամ չեմպիոն, հաղթեմ բոլոր այն մրցաշարերում, որոնց կմասնակցեմ: Ձգտելու եմ անընդմեջ հաղթել, մինչև Տոկիո-2020: Չեմ բավարարվելու այս ոսկե մեդալներով, շարունակելու եմ այսպես առաջ գնալ: Փարիզում այնպիսի զգացողություն էր, կարծես Հայաստանում լինեինք, այդ ամենը երկրպագուների շնորհիվ: Շնորհակալություն նրանց»,- լրագրողների հետ զրույցում ասաց Ալեքսանյանը:
Խոսելով վրացի ըմբիշի դեմ տարած հաղթանակի մասին` օլիմպիական չեմպիոնն ասաց. «Բոլորն էլ տեսել էին թե Վրաստանում ինչ էր կատարվում, և իմ կարծիքով ես այստեղ ամեն ինչ ապացուցեցի: Փարիզում ամեն ինչ չեզոք էր, ոչ Վրաստանն էր, ոչ` Հայաստանը»:
Գյումրեցի մարզիկն, անդրադառնալով ըմբշամարտի նոր կանոններին, շեշտեց, որ նախկին կանոններն ավելի լավն էին, այն ավելի դիտարժան էր դարձնում մարզաձևը: Սակայն ինչ կանոններ էլ լինեն, հավաքականն այնպիսի մարզչական շտաբ ունի, ովքեր կարող եմ միշտ պայքարել ոսկու համար:
Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում ընթացող ըմբշամարտի աշխարհի առաջնության 98 կգ քաշային կարգի եզրափակչում մրցում էին Արթուր Ալեքսանյանը և Ռուսաստանը ներկայացնող Մուսա Եվլոևը: Ալեքսանյանը գերազանցեց մրցակցին 3:1 հաշվով: Արթուր Ալեքսանյանը աշխարհի չեմպիոն է դարձել նաև 2014 և 2015 թվականներին: Գյումրեցի մարզիկը Եվրոպայի առաջնության եռակի չեմպիոն է (2012, 2013, 2014):