«Արդեն չլինելով Մինսկի խմբի համանախագահ, Հոգլանդը բացահայտել է Արցախի հիմնախնդրի լուծման բանաձևը: Մի բանաձև, որը նորություն չէ, և մենք վաղուց գիտեինք դրա մասին: Զարմացած եմ, որ մեր հասարակության որոշ մասը զարմացած է այդ հայտարարությունից»,-ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում ասաց քաղաքագետ Գագիկ Համբարյանը՝ անդրադառնալով Արցախյան հակամարտության կարգավորման վերաբերյալ ամերիկացի համանախագահ Ռիչարդ Հոգլանդի հրապարակած 6 կետերին:
Նրա խոսքով՝ այն մարդիկ, ովքեր տեղյակ են բանակցություններից, շատ լավ գիտեն, որ բանակցությունները հիմնականում ընթանում են հենց այդ կետերի հիման վրա. «Հոգլանդի հայտարարությունների մեջ մեզ համար մտահոգությունն այն է, թե ինչ է նշանակում միջանկյալ կարգավիճակ Արցախի համար, որը մեզ համար բացարձակ ձեռնտու չէ: Ի՞նչ է նշանակում՝ բոլոր փախստականները պետք է վերադառնան իրենց բնակավայրերը: Այսինքն՝ դա նշանակում է, որ 200 հազարից ավել հայ պետք է հետ վերադառնա Ադրբեջա՞ն: Հայաստանի իշխանությունները պետք է պատասխանեն այս երկու հարցին, բայց, միևնույն ժամանակ՝ Հոգլանդի հայտարարությունը բացարձակ ձեռնտու չէ նաև Բաքվին, որովհետև ադրբեջանական կողմն առաջնորդվում է ամեն ինչ կամ ոչինչ կարգախոսով»,- ասաց քաղաքագետը:
Քաղաքագետի կարծիքով՝ Հոգլանդը մինչև պաշտոնից հեռանալը բացահայտեց այն ծրագիրը, որի շուրջ ընթանում է բանակցային գործընացը, ինչպես նաև ադրբեջանական իշխանություններին հասկացրեց, որ Արցախյան հիմնախնդրի լուծումը ռազմական ճանապարհ չունի, և հարցը պետք է լուծել հենց այս ձևով:
«Այն, ինչ ներկայացրեց Հոգլանդը, թարմացված Մադրիդյան սկզբունքներն են: Հայաստանի և Արցախի հասարակությունները շատ լավ տեղյակ են դրանից, մինչդեռ Ադրբեջանում հայտարարում են՝ ո՛չ հին, ո՛չ թարմացված Մադրիդյան սկզբունքներ՝ չկա՛ն: Նրանք մի գիծ են առաջ տանում. ազատագրել ամեն ինչ:
Եթե հայաստանյան լրատվամիջոցներն ու սոցցանցերի օգտատերերը սկսել են քննարկել Հոգլանդի հայտարարությունը, ապա ադրբեջանական տիրույթում բացարձակ լռություն է և իրենք հիմա մտածում են՝ ինչպես և որ պրիզմայից ներկայացնել այն»,- նշեց Գագիկ Համբարյանը:
Սոնա Հարությունյան