Ազատ տնտեսական գոտիներին առնչվող աշխարհի երկրների ունեցած փորձը ոչ միանշանակ է. կան ինչպես հաջողված փորձեր, այնպես էլ՝ ակնհայտորեն ձախողված: Երբ Հայաստանում որոշում էին առանձին գոտիներում սահմանել արտոնություններ գործարարների համար, երբ, կարելի է ասել, այս ինստիտուտը նոր-նոր էր մտնում մեր իրականություն, կառավարությունը շտապում էր վստահեցնել, թե շուտով Հայաստանը դառնալու է անզուգական բիզնես միջավայր ունեցող պետություն, և, որպես դրա հետևանք, ականատես ենք դառնալու տնտեսական աննախադեպ բումի: Անցավ որոշակի ժամանակահատված ու բոլորին պարզ դարձավ, որ հույսերն ուղղակի սին էին. ինչպես կայինք անհրապույր, այդպես էլ շարունակում ենք մնալ. նույնիսկ վարչապետ Կարապետյանը վերջերս խոստովանեց ազատ գոտիների անիմաստ լինելու հանգամանքը:
Հարց է առաջ գալիս՝ ինչո՞ւմն է խնդիրը մի պարագայում, երբ ազատ գոտիներում գործունեություն ծավալել ցանկացողներին օրինականորեն տրվում են արտոնություներ, որոնց մասին ցանկացած գործարար՝ սովորական պայմաններում կարող է ուղղակի երազել: Խնդիրն իրականում բազմաշերտ է՝ կապված երկրի տնտեսական իմիջի, օբյեկտիվ ու սուբյեկտիվ գործոնների հետ: Հարցի պատասխանը գտնելու համար հարկավոր է նայել Հայաստանին օտար ներդրողի, ասենք իրանցի ներդրողների աչքերով, որոնք այժմ համարվում են գլխավոր պոտենցիալ շահառուներն, ասենք, Իրանի սահմանին մոտ գտնվող տնտեսական ազատ գոտու, ուր իրականում մեռելային լռություն է տիրում: Մեզնից ո՞ր մեկը, փող ունենալու դեպքում, կգնար ասենք աֆրիկյան Նիգում, որքան էլ այն գրավիչ պայմաններ առաջարկեր, ներդրում կկատարեր: Ճիշտ է՝ միգուցե մենք ասենք Իրանի համար այնքան էլ Նիգ չենք, սակայն տարբերությունը, խոշոր հաշվով՝ զրոյական է դառնում, երբ խոսքը վերաբերում է ոչ թե ասենք աշխարհաքաղաքականությանն, այլ զուտ բիզնեսին:
Պարզից էլ պարզ է՝ երկրում հաստատված ընդհանուր բիզնես մթնոլորտը, աշխարհաքաղաքական անկայուն վիճակը, պետության տկարությունը՝ տեր կանգնելու իր խոստումներին ու տված երաշխիքներին և այլ նմանօրինակ գործոններ՝ զրոյացնում են Հայաստանի հնարավորությունները՝ դառնալու կապիտալի համար գրավիչ երկիր. բավական է ընդամենը համեմատական զուգահեռների մեջ մտնել հարևան Վրաստանի ու թշնամական Ադրբեջանի տնտեսություններում տիրող իրավիճակի հետ, որպեսզի պարզ դառնա՝ որքան հետ ենք մենք, կղզիացած վիճակում. համակարգային արմատական փոփոխություններ են պետք մտցնել երկրում՝ այս հարցում դրական տեղաշարժ գրանցելու համար, այնինչ՝ բարեփոխումները մեզանում կրում են զուտ կոսմետիկ, եթե ոչ պարզ փիառային բնույթ:
Դավիթ ԲԱԲԱՆՈՎ