2011թ. WikiLeaks-ի հրապարակած աշխարհի հույժ գաղտնի դիվանագիտական փաստաթղթերի մեջ մի ուշագրավ և այս օրերի համար չափազանց այժմեական մի փաստաթուղթ կար:
Ստորև ներկայացնում ենք WikiLeaks-ի բացահայտած 000199 գաղտնի փաստաթուղթը, որ ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Ջոզեֆ Փենինգթոնը ԱՄՆ պետական դեպարտամենտ է ուղարկել 2008 թվականի մարտի 7-ին:
Սեղմագիր
1. Մարտի 6-ի ուշ երեկոյան Վալերի Պողոսյանը՝ Հայաստանի Սահմանադրական դատարանի ինը դատավորներից մեկը, գաղտնի կերպով կապ է հաստատել դեսպանատան հետ՝ իր տանը հրատապ հանդիպում կազմակերպելու խնդրանքով: Պողոսյանը հայտնել է դեսպանատան պաշտոնյաներին, որ նախագահ Քոչարյանը նախապես կանխորոշել է նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի բողոքի վերաբերյալ փետրվարի 19-ի նախագահական ընտրությունների հարցով մարտին 8-ին ակնկալվող ՍԴ վճռի ճակատագիրը: Պողոսյանն ասաց, որ ինքն անձամբ, ինչպես նաև իր կոլեգաներից ոմանք ճնշումների են ենթարկվել նախագահականի կողմից: Դատավորը նշեց, որ Հայաստանում այժմ տիրում է «բացարձակ բռնապետություն» և ավելացրեց, որ կեղծված որոշումը կարող է երկրի համար ունենալ «անկանխատեսելի հետևանքներ»: Նա զգուշացրեց, որ եթե միջազգային հանրությունն այս կեղծ որոշումից հետո աչքաթող անի իշխանություններին, ապա դա անդառնալի վնաս կհասցնի Հայաստանին և կփշրի երկրի՝ ժողովրդավարության հասնելու որևէ հույս:
Կեղծված վճիռ
Սահմանադրական դատարանի անդամ Վալերի Պողոսյանը մարտի 6-ի երեկոյան գաղտնի կերպով կապ է հաստատել դեսպանատան հետ՝ հանդիպում խնդրելով իր տանը: Պողոսյանը Հայաստանի Սահմանադրական դատարանի 9 անդամներից մեկն է, որը դատարանի առաջին նշանակված անդամներից է դեռևս 1996-ից: Դատարանն այժմ քննում է նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի ներկայացված բողոքը, որը պահանջում է չեղյալ հայտարարել փետրվարի 19-ի նախագահական ընտրությունների արդյունքները: Լևոն Տեր-Պետրոսյանը պնդում է, որ ընտրությունների արդյունքները կեղծված են, և որ պետք է կայանան նոր ընտրություններ: Վիճելի նախագահական ընտրություններում Լևոն Տեր-Պետրոսյանը երկրորդն էր ձայների 21.5%-ով, մինչդեռ վարչապետ և նորընտիր նախագահ Սերժ Սարգսյանն ստացավ 52.8%, որը բավարար էր ընտրությունների երկրորդ փուլից խուսափելու համար: Վիճելի արդյունքներն առաջ բերեցին 11-օրյա բողոքի ցույցեր Լևոն Տեր-Պետրոսյանի համակիրների կողմից, որը մարտի 1-2-ին ավարտվեց իրավապահ մարմինների հետ արյունալի բախումներով և գործող նախագահ Ռոբերտ Քոչարյանի կողմից հայտարարված արտակարգ դրությամբ:
3. Թույլ և մռայլ տեսք ունեցող Պողոսյանը ներողություն խնդրեց դեսպանատան պաշտոնյաներից կապ հաստատելու համար, սակայն նշեց, որ իր մտահոգություններով գնալու այլ տեղ չուներ: Նա բացատրեց, որ դեսպանատան հետ կապ է հաստատել, քանի որ գիտի, «թե ինչ (արժեքներ.- խմբ.) է դավանում Ամերիկան»: Նա հայտնեց, որ նախագահ Քոչարյանը որոշել է, թե ինչպիսին պետք է լինի մարտի 8-ին սպասվող ՍԴ որոշումը, որը պետք է մերժի Լևոն Տեր-Պետրոսյանի բողոքը: Պողոսյանը նշեց, որ մարտի 4-ին՝ Լևոն Տեր-Պետրոսյանի բողոքի լսման նախօրյակին, իրեն զանգահարել և պահանջել է ներկայանալ նախագահական նստավայր մեկը, որը հանդես էր գալիս նախագահի աշխատակազմի ղեկավարի (Արմեն Գևորգյանի.-խմբ.) անունից: Սկզբում ցնցվելով զանգից, նա այնուհետև ծիծաղել է զանգահարողի վրա, ապա մերժել պահանջը: Այդ երեկոյան իր գրասենյակ կատարված մյուս զանգերը նա արհամարհել է:
4. Պողոսյանը հայտնեց, որ իր կոլեգաներից առնվազն երեքը մարտի 4-ի առավոտյան արձագանքել են նախագահականից հնչած նույնատիպ պահանջներին, սակայն ինքը դա ապացուցել չի կարող: Նա նշեց, որ այդ տեղեկատվությունը ստացել է վստահելի աղբյուրներից, որոնք նախագահական նստավայրում այդ օրը տեսել են ՍԴ այդ անդամներին: Նա նաև նշեց, որ նախագահականից սպառնացել են աշխատանքից ազատել իր եղբորը, որը նույնպես այնտեղ է աշխատում, եթե նա չկարողանա համոզել Պողոսյանին ներկայանալ: Պողոսյանը, որը վերջին երեք օրերին դատարանի կողմից քննվող բողոքի հարցով նիստերին չի ներկայացել և արդյունքում չի կարող մասնակցել վերջնական որոշման կայացմանը, ասաց, որ բացակայությունների պատճառ է ներկայացրել իր հիվանդ լինելը, սակայն վստահեցրեց, որ նույնիսկ առողջ լինելու պարագայում չէր մասնակցի նիստերին:
5. Պողոսյանը նշեց, որ նախագահականից կատարվող այս ճնշումների հարցը նա բարձրացրել է իր կոլեգաների մոտ, որը, սակայն, «անուշադրության է մատնվել» նրանց կողմից: Նա նաև հայտնեց, որ դատավորներից մեկը՝ Կիմ Բալայանը, համագործակցել է իշխանությունների հետ իր որդու՝ Տիգրան Բալայանի ԱԳՆ խոսնակ նշանակվելու միջոցով (նախկին խոսնակ Վլադիմիր Կարապետյանն աշխատանքից հեռացվել էր 5 այլ դիվանագետների հետ, ովքեր հրապարակայնորեն քննադատել էին իշխանությունների կողմից ընտրական գործընթացների խախտման դեպքերը):
Պողոսյանը նշեց, որ հարցի հետ կապված իր դիրքորոշումը և բացակայությունը նիստերից կարող են անձնական հետևանքներ ունենալ իր համար հետագայում, սակայն չմանրամասնեց, թե ինչպիսիք կարող են դրանք լինել: Այնուամենայնիվ նա հավաստեց, որ ունի «հիմքեր վախենալու համար»: Նա նաև նշեց, որ եթե չլիներ իրենց վրա բանեցվող ճնշումը, ՍԴ անդամներից գրեթե բոլորը վճիռ կկայացնեին Լևոն Տեր-Պետրոսյանի օգտին:
Դատարանի որոշման «անկանխատեսելի հետևանքները»
6. Պողոսյանը պնդեց, որ դատարանի կեղծված վճիռը կարող է «կատալիտիկ» դեր խաղալ գոյություն ունեցող լարվածությունը բորբոքելու և նոր բռնությունների հանգեցնելու հարցում: Նա ասաց, որ այժմ Հայաստանում առկա է «բացարձակ բռնապետություն», որտեղ անհնար է խնդիրները լուծել իրավական միջոցներով: Նա նաև ասաց, որ իշխող ռեժիմի պատճառով ստեղծված ներկայիս «բարոյական և հոգեբանական» մթնոլորտը, արտակարգ դրությունը և դրա սահմանած շատ խիստ սահմանափակումները Սահմանադրական դատարանին դրել են հսկայական ճնշման տակ, որը ստիպում է վերջինիս հետևել իշխանությունների ցուցումներին:
7. Պողոսյանը նշեց, որ ակնհայտ է, որ իշխանությունները մտադրված են իրավիճակից դուրս գալ՝ գործի դնելով վախի տակտիկան և ռեպրեսիան: Որպես օրինակներ նա նշեց իշխանությունների կողմից մարտի 1-ին ցուցարարների բռնի ցրումը և դրան հետևած արյունահեղությանը հովանավորումը, ցուցարարների և Լևոն Տեր-Պետրոսյանի համակիրների ձերբակալությունները, ապօրինի դատավարությունները (ակնհայտորեն նկատի ուներ անձեռնմխելիությունից զրկված 4 պատգամավորների դեպքը և Սահմանադրական դատարանում լսվող բողոքի բնույթը), նախագահի թշնամական հարձակումները Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի նկատմամբ, որը քննադատական զեկույց էր հրապարակել իշխանությունների կողմից իրավիճակին ցուցաբերած արձագանքման մասին: Պողոսյանը պնդեց, որ այս ամենը նպատակ ունի, այն է «վախ սերմանել» ռեժիմի իրական ընդդիմադիրների և ապագա հակառակորդների շրջանում: Նա ասաց, որ նախագահը չի հանդուրժում այլախոհություն և մարդկանց տարբերակում է «իր հետ կամ իր դեմ» լինելով:
8. Պողոսյանը ասաց, որ չնայած վախի այն մթնոլորտին, որ իշխանությունները փորձում են ստեղծել, հասկանալի է, որ Լևոն Տեր-Պետրոսյանը կարող է հարյուր հազարավոր կողմնակիցների դուրս բերել փողոց արտակարգ դրության վերացումից հետո: Այս դեպքում նա չբացառեց այն սցենարը, որտեղ իշխանությունները կերկարացնեն արտակարգ դրությունը, եթե զգան, որ իրենց դիրքերը թուլանում են: Նա նաև նշեց, որ իշխանությունները բավականաչափ լկտի են, որպեսզի իրականացնեն Լևոն Տեր-Պետրոսյանին ձերբակալելու իրենց սպառնալիքը՝ անկախ այն բանից, որ դրա համար չունեն իրավական հիմքեր: Սակայն «նրանք կարող են անել ինչ ուզում են», ավելացրեց Պողոսյանը:
Իշխանություններին աչքաթող մի արեք - վտանգված է ժողովրդավարությունը
9. Պողոսյանն ասաց, որ իրեն հանգստացրել էին պետդեպարտամենտի կողմից արված հայտարարությունները, որոնք մատնանշում էին նախագահական ընտրություններում տեղ գտած խնդիրները և նաև ողջունեց նախորդ շաբաթ տեղի ունեցած բռնություններին հետևած միջազգային հանրության բոլոր խիստ հայտարարությունները: Սակայն նա զգուշացրեց, որ «բոլոր այս հայտարարությունները կարող են ոչինչ չարժենալ», եթե դատարանի վճռից հետո միջազգային հանրությունը աչքաթող անի իշխանություններին: Նա լրջորեն ընդգծեց, որ դատարանի որոշման ճանաչումը որպես ընտրության վերաբերյալ վերջին խոսք կլեգիտիմացնի ռեժիմի կողմից իրականացված կեղծիքները: Իսկ ավելի վատ, ըստ Պողոսյանի, կլինի այն անդառնալի վնասը, որն այդ որոշման ճանաչման և ռեժիմին աջակցելու արդյունքում կհասցվի Հայաստանին: Նա պահը նկարագրեց որպես որոշիչ, որտեղ օդում կախված են ժողովրդավարության մարող հույսերը:
Ոչինչ չի բացառվում
10. Հանդիպման ընթացքում Պողոսյանը նշեց, որ 1990-ականներին տարբեր ժամանակահատվածներում ինքը Հայաստանում ղեկավարել է Ազգային անվտանգությունը և ոստիկանությունը: Դեսպանատան պաշտոնյաներն այնուհետև նրան հարցրել են բռնություններից հետո պտտվող չհայտարարված մահվան դեպքերի և այն մեղադրանքների մասին, որ Լեռնային Ղարաբաղից բերվել են բանակի ստորաբաժանումներ: Նա ասաց, որ տեղեկատվությունը, որն իրեն հասու է այն բանի շնորհիվ, թե ով է նախկինում եղել ինքը, հուշում է, որ ամբողջությամբ դրանք անհիմն չեն:
Նա ասաց, որ տեղեկատվություն ունի այն մասին, որ մահացությունների թիվը իշխանությունների կողմից նվազեցվել է, և որ որոշ ընտանիքների ստիպել են ստորագրել կեղծ մահվան վկայականներ՝ նախքան նրանց թույլ տալը վերցնել իրենց հարազատների մարմինները: Նա ասաց, որ ոչինչ բացառված չէ՝ նկատի ունենալով ռեժիմի էությունը:
Մեկնաբանություն
11. Մենք ոչ մի կերպ չենք կարող հաստատել ՍԴ անդամ Պողոսյանի մեղադրանքները, սակայն ինքնին խոսուն է այն փաստը, որ Հայաստանի ամենաբարձր աստիճանի հանրային ծառայողներից մեկը մեզ հետ այս կերպ կապ հաստատեց: Պողոսյանը ՍԴ անդամ է նշանակվել Լևոն Տեր-Պետրոսյանի իշխանության ժամանակ և չնայած, որ նա չէր թաքցնում իր քաղաքական հայացքները, հնարավոր է, որ վերջին քաղաքական իրադարձությունները ազդեցություն են ունեցել նրա տեսակետների վրա: Սա նշելով հանդերձ՝ նրա մտահոգությունները թվացել են անկեղծ, իսկ դեսպանատան պաշտոնյաները ստացել են այն տպավորությունը, որ նա գործում էր զուտ իր երկրի հանդեպ հայրենասիրությունից դրդված: