Շարունակվում է Չեմպիոնների Լիգայի գավաթի 2012/13թթ խաղարկության 1/8 եզրափակիչը: Այսօր «Օլդ Թրաֆորդ» մարզադաշտում կայանալու է «Մանչեսթեր Յունայթեդ»-ի ու Մադրիդի «Ռեալ»-ի պատասխան հանդիպումը: Թիմերը բարձր տրամադրությամբ են մոտեցել մրցավեճին: Պրեմիեր Լիգայի վերջին տուրում Ֆերգյուսոնի սաները 4 անպատասխան գնդակ ուղարկեցին «Նորվիչ»-ի դարպասը (Կագավան դարձավ հեթ-տրիկի հեղինակ), իսկ «Ռեալ»-ը 2:1 հաշվով առավելության հասավ «Բարսելոնա»-ի նկատմամբ: «Յունայթեդ»-ը խաղաց հիմնական կազմով, իսկ ահա Ժոզե Մոուրինյոն հանգսանալու հնարավորություն էր տվել մեկնարկային կազմի 6 խաղացողների՝ Ալվարո Արբելոային, Խաբի Ալոնսոյին, Սամի Խեդիրային, Անխել Դի Մարիային, Մեսութ Օզիլին, Քրիշտիանու Ռոնալդուին: Խաղադաշտում հայտնվելու դեպքում դաշտի տերերի կենդանի լեգենդ Ռայան Գիգզն իր մարզական կարիերայի 1000-րդ հանդիպումը կանցկացնի:

«Ռեալ»-ի կազմում հանդիպումը բաց կթողնի Իկեր Կասիլյասը, ով, չնայած մարզվում է անհատական ծրագրով և ժամանել է Մանչեսթեր, չի կարողանա օգնել իր թիմին: «Յունայթեդ»-ի կազմում սրունքթաթային հոդի վնասվածքի պատճառով խաղը բաց կթողնի Ֆիլ Ջոնսը: Կասկածի տակ է Ջոնի Էվանսի մասնակցությունը խաղին: Դարեն Ֆլեթչերն ու Փոլ Սքոուլզն արդեն երկար ժամանակ շարքից դուրս են մնացել:

«Ռեալ»-ի և «Յունայթեդ»-ի բոլոր հանդիպումները՝

11.04.1957. «Ռեալ» - «Մանչեսթեր Յունայթեդ»՝ 3:1
25.04.1957. «Մանչեսթեր Յունայթեդ» - «Ռեալ»՝ 0:0
24.04.1968. «Մանչեսթեր Յունայթեդ» - «Ռեալ»՝ 0:0
15.05.1968. «Ռեալ» - «Մանչեսթեր Յունայթեդ»՝ 3:3
04.04.2000. «Ռեալ» - «Մանչեսթեր Յունայթեդ»՝ 0:0
19.04.2000. «Մանչեսթեր Յունայթեդ» - «Ռեալ»՝ 2:3
08.04.2003. «Ռեալ» - «Մանչեսթեր Յունայթեդ»՝ 3:1
23.04.2003. «Մանչեսթեր Յունայթեդ» - «Ռեալ»՝ 4:3
13.02.2013. «Ռեալ» - «Մանչեսթեր Յունայթեդ»՝ 1:1

Ժոզե Մոուրինյո. «Այս խաղն իսկական եզրափակիչ է: Ժամանակը ցույց կտա, թե որ թիմը կհայտնվի «Ուեմբլի»-ում, սակայն ես չեմ կարծում, որ Չեմպիոնների Լիգայի եզրափակիչն ավելի դիտարժան կլինի: Մենք ու «Յունայթեդ»-ը խաղին մոտեցել ենք լավ մարզավիճակում: «Յունայթեդ»-ի դեմ խաղի ժամանակ աշխարհը մի պահ կանգ է առնելու:

Ալեքս Ֆերգյուսոն. «Կարծում եմ՝ այս խաղում գոլեր կլինեն և երկու թիմերն էլ աչքի կընկնեն: «Ռեալ»-ի դեմ խաղը մեծ իրարանցում է առաջացնում: Երկու թիմերն էլ հիանալի մարզավիճակում են: Վստահ եմ, որ հանդիպումն արդարացնելու է սպասելիքները»:

Խաղը սպասարկելու է թուրք մրցավար Ջյունեթ Չաքիրի գլխավորած մրցավարական անձնակազմը: