Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարեց ուշադրության կենտրնում պահել քաղաքացիներին պետպատվերի շրջանակում բժշկական օգնություն տրամադրելու խնդիրը: Մասնավորապես, վարչապետը հանձնարարեց Առողջապահության նախարարին՝ երեքամսյա ժամկետում վերանայել բժշկական ծառայությունների մատուցման արդյունավետությունը, պետպատվեր իրականացնող բժշկական հաստատությունների ընտրության չափանիշները` առաջնահերթություն տալով կազմակերպության ընդհանուր եկամուտների մեջ վճարովի ծառայությունների մասնաբաժնին։
«Պետպատվեր իրականացնող խոշոր բժշկական հաստատություններում 2017 թվականից պետք է ներդնել պարտադիր տարեկան արտաքին աուդիտի անցկացման պահանջ՝ ապահովելով համապատասխան իրավական մեխանիզմները և երեք շաբաթվա ընթացքում կատարել թանկարժեք բժշկական ծառայությունների գնագոյացման վերլուծություն, հստակ տարանջատելով ծառայության ինքնարժեքը»,-հանձնարարեց վարչապետը:
Կարեն Կարապետյանը նաև նշեց, որ սույն հանձնարարականի անհրաժեշտությունը պայմանավորված է պետական պատվերի տեղաբաշխման իրավապաշտպան մեխանիզմների վերանայման և պետական միջոցների հատկացման մրցակցային և թափանցիկ մեխանիզմների կիրառման անհրաժեշտությամբ: