«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 1-ին որոշում էր կայացրել Ժիրայր Խառատյանին նշանակել Պետական վերահսկողական ծառայության ղեկավարի տեղակալի պաշտոնում: «Ժողովուրդ» օրաթերթի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ ՊՎԾ-ում արշալույսներն այնքան էլ խաղաղ չեն, քանի որ վարչապետ Փաշինյանը գոհ չէ Պետական վերահսկողության ծառայության ղեկավար կազմի աշխատանքներից:
Ըստ մեր տեղեկությունների՝ հնարավոր է՝ հենց նորանշանակ Խառատյանն էլ առաջիկայում նշանակվի ծառայության ղեկավար, քանի որ Փաշինյանը չի ցանկանում այլեւս այդ պաշտոնում տեսնել ներկայիս ղեկավար Տիգրան Ուլիխանյանին:
Սա դեռեւս վերջնական որոշում չէ, քանի որ Փաշինյանը ցանկանում է նաեւ տեսնել տեղակալի «պոստը» զբաղեցնող Խառատյանի աշխատանքը: Կառավարության մեր աղբյուրները փոխանցում են, որ տեւական ժամանակ է՝ Փաշինյանը դժգոհություններ է հայտնում Ուլիխանյանի աշխատանքից ու փոխարինող է փնտրում նրան:
Հիշեցնենք, որ սույն թվականի հունվարի 21-ին Տիգրան Ուլիխանյանը նշանակվել էր ՊՎԾ ղեկավար ու վերջինս, օրենսդիր մարմնում թողնելով իր աշխատանքը, տեղափոխվել էր գործադիր մարմին: Երեկ փորձեցինք Ուլիխանյանից պարզել, թե ինչ տեղեկություններ ունի իր պաշտոնանկության ու Ժիրայր Խառատյանին ՊՎԾ ղեկավար նշանակելու վերաբերյալ։
Վերջինս հայտարարեց, թե առաջին անգամ մեզանից է այդ տեղեկությունները լսում: Ի դեպ, նշենք, որ նորանշանակ ՊՎԾ ղեկավարի տեղակալ Ժիրայր Խառատյանին իշխանության թիմում չեն էլ ճանաչում, շատերի համար անակնկալ է եղել ՀՀ վարչապետի որոշումը»: