«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հատուկ քննչական ծառայության աշխատակազմի ղեկավար Դավիթ Սուքիասյանի ունեցվածքով հնարավոր է մի քանի պետական հիմնարկ պահել՝ վճարել աշխատողների աշխատավարձը, և այլն:

Պաշտոնյան այնքան գումար ունի, որ նույնիսկ միլիարդների հասնող փոխառություն է տալիս այլ անձանց: Տրված թվով 4 փոխառությունների ընդհանուր գումարային չափը կազմում է 1 մլրդ 126 մլն 500 հազար դրամ, 375 հազար դոլար և 20 հազար եվրո: Դրանով չի սահմանափակվում Դավիթ Սուքիասյանի ունեցվածքը:

Նա հայտարարագրել է թվով 4 մեքենա: Ավելին՝ ըստ «Հետք»-ի՝ պաշտոնյային են պատկանում «ԴԼՍ ԳՐՈՒՊ», «ՄՄՎԻՆԻՆԳ», «ՄԼ ՄԱՅՆԻՆԳ» ՍՊԸ-ները, որտեղ նա ունի 100% բաժնեմաս:

«Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ հատուկ քննչական ծառայության պետի տեղակալ Վլադիմիր Հովհաննիսյանից հետաքրքրվեց՝ արդյոք ՀՔԾ-ում պարզե՞լ են, թե որտեղից աշխատակազմի ղեկավարին այդքան գումար, և, ի վերջո, միլիարդատեր լինելով՝ նրա ինչի՞ն է պետք աշխատակազմի ղեկավարի պաշտոնը:

«Ժողովուրդ» օրաթերթի հարցին ի պատասխան՝ Վլադիմիր Հովհաննիսյանը ասաց. «Աշխատակազմի ղեկավարը տևականորեն աշխատել է գործարար միջավայրում նախքան հատուկ քննչական ծառայություն աշխատանքի ընդունվելը: Ունեցել է բիզնեսներ, որոնք նշել է իր հայտարարագրում, նաև անշարժ ու շարժական գույքը: Մենք այդտեղ որևէ խնդիր չենք տեսնում, որ նա տիրապետում է որոշակի կարողության»:

 

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: