Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլի միջնորդությամբ` սեպտեմբերի 8-ին, Մոսկվայում, կկայանա եռակողմ հանդիպում` Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի և Ադրբեջանի հոգևոր առաջնորդ Ալլահշուքյուր Փաշազադեի միջև:
ԼՈւՐԵՐ.com-ի հետ զրույցում քաղաքագետ Արա Պապյանը, խոսելով հոգևոր այրերի հանդիպման հնարավոր հետևանքների մասին, հարց հնչեցրեց. «Հետաքրքիր է՝ ի՞նչ պետք է պայմանավորվեն Հայաստանի և Արդբեջանի հոգևոր առաջնորդները, ի՞նչ է պետք է պայմանավորվեն, որ տարածքները հեշտությա՞մբ տան: Իմ կարծիքով՝ Ռուսաստանն ընդամենն իր այս քայլով ցույց է տալիս, որ ակտիվանում է Հարավային Կովկասում, և այս հանդիպումը դրա ապացույցն է: Ակնհայտ է, որ Ռուասատանն իր դիրքերն է ընդամենը ապահովում՝ ընդգծելով իր կարևորությունը նաև Արցախի հարցում»:
Հոգևոր այրերի ապագա հանդիպման և դրա նշանակության մասին հետաքրքրվեցինք նաև քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանից: Վերջինս նույնպես ձևական որակեց այն՝ պնդելով, որ Արցախի հիմնահարցի լուծման հարցում այն որևէ դրական նշանակություն չի կարող ունենալ:
«Որևէ իմաստ չեմ տեսնում այս հանդիպման մեջ, քանի որ Ալլահշուքյուր Փաշազադեն ընդգծված ցեղասպանական քարոզչություն է վարել և վարում Ադրբեջանում՝ ընդդեմ հայերի, և հիմա, փաստորեն, կեղծ խաղաղասիրություն է խաղում: Վստահ եմ՝ այս հանդիպումն ունի ավելի կարևոր և հեռահար նպատակներ»: