Օգոստոսի 31-ին Բուխարեստի «Արենա Նացիոնալա» մարզադաշտի մամուլի ասուլիսների սրահում կայացավ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանի և պաշտպան Հովհաննես Համբարձումյանի նախախաղային մամուլի ասուլիսը: Այս մասին գրում է ՀՖՖ-ի կայքը:
- Հովհաննես, ի՞նչ մարզավիճակում եք գտնվում և ինչպիսի՞ մթնոլորտ է տիրում թիմում:
- Գտնվում եմ լավ մարզավիճակում, թիմում մթնոլորտը շատ լավն է, կփորձենք վաղը հասնել դրական արդյունքի:
- Պարոն Պետրոսյան, Ձեր կարծիքով ո՞վ է Ռումինիայի հավաքականի ամենավտանգավոր ֆուտբոլիստը:
- Չեմ ուզում առանձնացնել ինչ-որ մեկին: Ռումինիան, որպես թիմ, շատ վտանգավոր է:
- Բոլորն այստեղ սպասում են հեշտ խաղ Ռումինիայի համար՝ հաշվի առնելով, որ առաջին խաղում հաղթել են 5:0 հաշվով: Որո՞նք են այն առավելությունները, որոնց շնորհիվ կարող եք հասնել հաջողության վաղվա խաղում:
- Իմ կարծիքով, 5:0-ից հետո մենք ապացուցելու բան ունենք: Ինչ-որ բաներ փոխել ենք նախորդ խաղի համեմատ: Կփորձենք իրականացնել մեր մտահղացումները:
- Եվրոպական մարզիչներից ո՞ւմ հետ կհամեմատեք Ձեզ:
- Այնքան էլ երկար ժամանակ չէ, ինչ ես աշխատում եմ պրոֆեսիոնալ թիմի հետ, այնպես որ չեմ ուզում համեմատել ինձ ինչ-որ մեկի հետ, ուզում եմ կերտել իմ ուղին:
- Սպասո՞ւմ էիք, որ այս հատվածում Ռումինիայի և Հայաստանի հավաքականները կունենային հավասար միավորներ:
- Անկեղծ ասած՝ ոչ:
- Ռումինիայի հավաքականի կազմում կա՞ն Հենրիխ Մխիթարյանի մակարդակի ֆուտբոլիստեր:
- Չեմ ուզում որևէ մեկին վիրավորել, բայց կարծում եմ՝ ոչ: Դուք ունեք շատ լավ ֆուտբոլիստներ, որոնք ունեն մեծ պոտենցիալ, բայց չեմ կարծում, թե կան Մխիթարյանի կարգի ֆուտբոլիստներ:
- Պատրաստվո՞մ եք վրեժխնդիր լինել առաջին խաղում կրած պարտության համար:
- Դա մի խաղ էր, որ արդեն անցյալում է, ամեն մի խաղ մեզ համար կարևոր է: Այդ խաղը լավ չդասավորվեց մեզ համար, որովհետև մենք ունեցանք կարմիր քարտ երրորդ րոպեին, ինչպես նաև 11-մետրանոց: Մենք հիմա ունենք մեր նպատակները և կփորձենք հասնել դրանց:
- Ի՞նչ կասեք Հայաստանի ազգային հավաքականում դարպասապահի դիրքի և Սարգիս Ադամյանի վերաբերյալ:
- Մենք ունենք 3 հավասարազոր դարպասապահ, որոնցից մեկն անպայման կխաղա վաղը, իսկ Ադամյանը շատ լավ որակներով ֆուտբոլիստ է: Մենք ունենք մրցակցություն այդ դիրքում և ընտրություն կանենք վաղը: