Արցախում այսօր՝ սեպտեմբերի 1-ին, ականապայթյունային մահացու վիրավորում ստացած Հայկ Խաչատրյանը Շիրակի մարզի Գուսանագյուղ համայնքից էր: ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում Գուսանագյուղ համայնքի ղեկավար Վասակ Ղազարյանն ասաց, որ 19-ամյա մահացած զինծառայողը ութ ամիս առաջ էր մեկնել ծառայության, ծառայում էր Ասկերանում:
«Շատ լավ, շնորհքով երեխա էր: Ամբողջ գյուղը վշտի մեջ է, բոլորը շատ սիրում ու հարգում էին նրան: Դպրոցում աչքի էր ընկնում առաջադիմությամբ: Բանակից հետո էլ ուսումը շարունակելու ցանկություն ուներ»,- ասաց համայնքապետը:
Ղազարյանի փոխանցմամբ՝ Հայկ Խաչատրյանը տան ավագ երեխան էր. «Ապրում էր հոր, մոր, երկու եղբայրների հետ: Եղբայրներից միջնեկը նոր է դպրոցն ավարտել, պետք է զորակոչվի բանակ, իսկ փոքրը դեռ դպրոցական է: Ինքն էլ 8 ամսվա ծառայող էր»,- փոխանցեց համայնքապետը:
Նրա խոսքով՝ մահացած զինծառայողի ընտանիքը սոցիալապես նորմալ վիճակում է. «Ապրում են սովորական գյուղացու կյանքով: Գյուղատնտեսությամբ են զբաղվում, հայրն էլ վարորդ է»:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 1-ին՝ ժամը 11:50-ի սահմաններում, ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, ականապայթյունային մահացու վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1998թ. ծնված Հայկ Գագիկի Խաչատրյանը:
Սոնա Հարությունյան