Սահմանադրական դատարանի մարտի 5-ի աշխատակարգային որոշման համաձայն' ՍԴ-ն քննության էընդունել ՀՀ նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի դիմումի հիման վրա' «Հայաստանի Հանրապետության Նախագահ ընտրվելու մասին» ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի 25.02.2013թ. թիվ 62-Ա որոշումը վիճարկելու վերաբերյալ գործը:

ՍԴ-ն նույն օրվա մեկ այլ աշխատակարգային որոշմամբ քննության է ընդունել նաեւ ՀՀ նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանի դիմումի հիման վրա գործը եւ, հաշվի առնելով, որ այն վերաբերում է նույն հարցին, նշված գործերը միավորվել են ու կքննվեն ՍԴ-ի նույն նիստում:

Միավորված գործի դատաքննությունը կսկսվի մարտի 11-ին, ժամը 10-ին: Այն կանցկացվի բանավոր ընթացակարգով:

Գործով զեկուցողներ են նշանակվել ՍԴ անդամներ Կիմ Բալայանը, Ֆելիքս Թոխյանը եւ Աշոտ Խաչատրյանը:

Դատաքննությանը որպես պատասխանող կողմ ներգրավվել է ԿԸՀ-ն, հարակից պատասխանողներ' ՀՀ դատախազությունը եւ ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանությունը, հաղորդում է «Լրագիրը»: