Սեպտեմբերին քաղաքական նախաձեռնություններ են սպասվում, իսկ անելիքների մասին կխոսվի առաջիկայում: Այս մասին ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Հիմնադիր խորհրդարան»-ի անդամ Ալեք Ենիգոմշյանը:
Հարցին՝ սա նշանակում է, որ ընդդիմությունը նոր թափ կհավաքի՞, Ենիգոմշյանը պատասխանեց.
«Ընդդիմություն երևույթը պետք է պայմանականորեն օգտագործել, նայած՝ ում մասին ենք խոսքում: Իհարկե, իսկական ընդդիմության՝ արտահամակարգային բևեռի խմբավորման, ձևավորման մասին է խոսքը: Բայց դա չի նշանակում, որ նրանք, ովքեր իրենց համարում են ընդդիմադիր, իրենց սերտաճումը նոր նախաձեռնության մեջ ողջունելի կլինի», - ասաց նա՝ հստակեցնելով, որ այնտեղ կլինի միայն արտահամակարգային ընդդիմություն:
Ենիգոմշյանը նշեց՝ անցած տարվա աշնանը հրապարակվեց նոր հանրապետության հիմնադրման «Սասնա Ծռեր»-ի ճանապարհային քարտեզը, իսկ գրեթե մեկ ամիս առաջ հրատարակվեց ճանապարհային քարտեզի խմբագրված տարբերակը, որը հիմքն է հանդիսանալու նշված քաղաքական գործունեության. «Ձևավորվող քաղաքական նախաձեռնությունը, բնականաբար, պետք է ներկայացնի այդ ճանապարհային քարտեզը և արտահամակարգային ընդդիմությունը: Այո՛, այս նախաձեռնության շուրջ կհամախմբվեն «Սասնա Ծռեր»-ի ճանապարհային քարտեզի համախոհները»:
Ո՞վ է համակարգում շարժումը հարցին ի պատասխան՝ Եբիգոմշյանն ասաց, որ դա պարզ կլինի, երբ ձևավորվի նախաձեռնությունը. «Ես չէի ուզենա ասել, որ նոր քաղաքական նախաձեռնությունը ես եմ համակարգում, թեև ես շատ ակտիվ մասնակցություն ունեմ: Երբ ձևավորվի նախաձեռնությունը, այդ ժամանակ միասին որոշում կկայացնենք, թե ով պետք է լինի առաջնորդը»:
Անդրադառնալով «Հիմնադիր խորհրդարան»-ի նախագահ Գարեգին Չուգասզյանի հետ կապին՝ մեր զրուցակիցը նշեց, որ կապը միայն վիրտուալ է, հասկանալի պատճառներով կարողանում են շփվել միայն համացանցի միջոցով:
«Այս վիճակն այսպես չի մնալու: Մեզ բոլորիս՝ ժողովրդին և ակտիվ ուժերին հաջողվելու է այս քաոսացված և ձևախեղված պետության իրավիճակը փոխել: Կան հուսահատվողներ, կան բարեբախտաբար նաև չհուսահատվողներ և վճռական մարդիկ: Կոչ եմ անում հուսահատվողներին՝ ոգեշնչվել հույսով, քանի որ իրավիճակ համոզված եմ փոխվելու է: Յուրաքանչյուրը պետք է ունենա այն համոզումը, որ ինքը կարող է իրավիճակ փոխել և ամեն բան լավ կլինի»,- եզրափակեց Ենիգոմշյանը:
Սոնա Հարությունյան