«Փաստ» օրաթերթը գրում է.
Դատախազության 100–ամյակի հանդիսավոր նիստից հետո վարչապետ Փաշինյանը, պատասխանելով լրագրողների հարցերին, մի շարք, առնվազն հետաքրքիր, հայտարարություններ արեց, որոնց քաղաքական ենթատեքստը բավական հստակ էր: Նախ' անդրադառնալով «Սասնա ծռերի» հետ քաղաքական համագործակցության և արտահերթ ընտրությունների գնալու հարցին' Փաշինյանը պարզապես նշեց, որ նման անվանումով քաղաքական կազմակերպություն իրեն հայտնի չէ, իսկ ինչ վերաբերում է այդ անունով հայտնի' ՊՊԾ գունդը գրաված խմբին, ապա վերջիններս անցնում են քրեական գործով և իրեն հասկանալի չէ անգամ նման հարցը:
Այս հայտարարությամբ Փաշինյանն, ըստ էության, քաշում է այն սահմանագիծը, որտեղ սկսվում է ՊՊԾ գունդ գրաված խմբի գործողությունների գնահատականը: Ըստ էության, Փաշինյանը ուղղակիորեն նշում է, որ «Սասնա ծռեր» անվանումով հայտնի խումբը քաղաքական կազմակերպություն չէ, ավելին' որոշակի գործողություններ իրականացրած խումբ է, որն անցնում է քրեական գործով:
Միաժամանակ սա նշանակում է նաև, որ վերոնշյալ խմբի անդամները չեն կարող կոչվել քաղաքական բանտարկյալներ:
Սա բավական հետաքրքիր հայտարարություն էր, քանի որ ներկայումս ակտիվանում են մի շարք օղակներ, որոնք փորձում են ձևավորել քաղաքական կազմակերպություններ' հենվելով ՊՊԾ գունդը գրաված խմբի մասնակիցների, նրանց աջակիցների ու համակիրների վրա: Ըստ էության, այս հայտարարությամբ Նիկոլ Փաշինյանը ակնարկեց, որ չի պատրաստվում ո՛չ համագործակցել զինյալ խմբի հետ, ո՛չ էլ քաղաքական հենարան է տեսնում' ի դեմս խմբի անդամների կամ նրանց համակիրների: Վերջապես, կարծես թե, բաց տեքստով հայտարարվեց, որ ՊՊԾ գունդ գրավողները քաղբանտարկյալներ չեն:
Հաջորդ հետաքրքիր դիտարկումը վերաբերում էր արտահերթ ընտրությունների գնալուն: Վարչապետն այս կապակցությամբ նշեց, որ ներկայումս քննարկումներ են ընթանում «Ելք» դաշինքի ձևաչափում: Այլ կերպ ասած, եթե մինչ այս բավական ակտիվ խոսակցություններ կային ընտրություններին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության' միայնակ մասնակցության վերաբերյալ, ապա Փաշինյանի հայտարարությամբ կարծես թե առկախվում է այս հարցը, և, ամենայն հավանականությամբ, կշեռքի նժարը թեքվում է դաշինքով ընտրություններին գնալուն:
Սա էլ իր հերթին բավական հետաքրքիր իրավիճակի է բերում, քանի որ դեռևս դաշինքի ձևավորման ժամանակ շեշտվում էր մեկ կուսակցություն դառնալու գաղափարը: Արդյոք «Ելքի» պարագայում զարգացումները կընթանան նման հունով, այս պահին դժվար է ասել, սակայն որպես իշխանության ուժեղ քաղաքական հենարան դաշինքի միավորումը կուսակցության մեջ, անշուշտ, կուռ հենքի վրա, կարող է օպտիմալ լուծում լինել: Սակայն, բավական խորքային, գաղափարական ու կողմնորոշումների տարաձայնություններ կան դաշինքի անդամ կուսակցությունների միջև, հնարավոր կլինի՞ դրանք հաղթահարել առավել լայն կոնսոլիդացիա ապահովելով, թե՞ «Ելքին» էլ բաժին կհասնի մյուս բոլոր դաշինքների ճակատագիրը, կտեսնենք շատ մոտ ապագայում:
Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում