Եվրամիությունը պատրաստվում է խոշոր ներդրումներ կատարել հայաստանյան կրթական ոլորտում: Այս մասին Հայաստանում Erasmus+Youth. տեղեկատվական կենտրոնի բացմանը նվիրված ասուլիսի շրջանակում ասաց Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին:
«Մենք ունենք բազմամիլիոնանոց երկու մեծ ծրագիր, որոնք մենք ցանկանում ենք իրականացնել Հայաստանում: Ես հիմա չեմ կարող հայտարարել կոնկրետ այն ծրագրերը, որոնք նախատեսված են, բայց ես կարող եմ ասել, որ բավականին աշխատանք ենք կատարել եւ շուտով կկարողանանք բաց եւ հրապարակավ խոսել այս մասին»,- հայտարարեց Պյոտր Սվիտալսկին՝ ընդգծելով, որ համագործակցությունը Հայաստանի կրթական հատվածի, երիտասարդների բարձր մակարդակն ապահովելու համար շատ կարեւոր է:
ԵՄ պատվիրակության ղեկավարը նշեց, որ գիտակցում է բոլոր հնարավոր ռիսկերը՝ նկատի ունենալով դրամաշնորհների յուրացման նախորդ դեպքերը: «Հուսով եմ, որ բոլոր նոր զարգացումները, վերջերս մշակված օրենսդրությունը, որը վերաբերում է կոռուպցիայի դեմ պայքարին, նոր հաստատության ստեղծումը, ինչպես նաեւ այլ միջոցառումները, որոնց մենք աջակցում ենք, կօգնեն մեզ նվազագույնի հասցնել ռիսկերը: Մենք պատշաճ ուշադրություն ենք դարձնում նման խնդիրներին: Դուք գիտեք ինձ, գիտեք՝ ինչքան ժամանակ եմ ես նվիրում իմ գործողություններում աջակցելու կոռուպցիայի դեմ ձեր պայքարին, եւ ես հավատում եմ, որ կրթությունն այն ոլորտն է, որտեղ կոռուպցիան պետք է արմատախիլ արվի»,-եզրափակեց նա: