Այսօր Գ.Վ. Պլեխանովի անվան Երևանի մասնաճյուղում տեղի ունեցավ Կլոր սեղան «ՍԹԱՐԹԱՓԵՐԻ ԶԱՐԳԱՑՈւՄՆ Ու ԿՐԹԱԿԱՆ ԾԱՌԱՅՈւԹՅՈւՆՆԵՐԻ ՄԱՏՈւՑՈւՄԸ ՏՏ ՈԼՈՐՏՈւՄ» թեմայով։ Ներկա էին Հայաստանում արդեն գործարկվող և հաջողված սթարթափերի հիմնադիրներ, աշխարհահռչակ ընկերությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև մասնաճյուղի ղեկավարը, դասախոսական կազմն ու ուսանողները։

Առաջինը ելույթ ունեցավ Արմեն Հարությունյանը, ով ներկաներին մանրամասն պատմեց իրենց կողմից հիմնադրած HELPME.am սթարթափի գործունեության մասին' սկսած գաղափարի ծագման նախապատմությունից մինչև դրա իրագործումը։ Բանախոսը նաև ընդհանուր տեղեկություններ տվեց սթարթափերի մասին' ներկայացնելով այն որպես ժամանակակից կյանքի և բիզնեսի հեռանկարային ոլորտներից մեկը։ Հարությունյանի ներկայացրած սթարթափի կարևոր առանձնահատկություններից էր նաև այն, որ բացի բիզնեսից, նախագիծն ունի նաև hայրենիքի ճանաչողության, նրա պատմությանն ու մշակույթին հանրությանը հաղորդակից դարձնելու գաղափար։ Բացի այդ իրականացված ծրագիրը մեծապես նպաստում է օտարերկրացիների շրջանում մեր երկրի նկատմամբ գրավչության աճին։

Հաջորդ զեկուցողն էր «Կոկա-Կոլա Հելենիք Բոթլինգ» ընկերության բիզնես որոշումների համակարգի տնօրեն Դավիթ Ավետիսյանը, ով խոսեց ժամանակակից ձեռնարկություններում թվային տեխնոլոգիաների ներդրման հնարավորությունների, Հայաստանում դրանց կիրառելիության ծավալների և հեռանկարների մասին։

Ներկա էին նաև «Ինսթիգեյթ Մոբայլի» ներկայացուցիչն ու «Ինսթիգեյթ – ուսումնական կենտրոն»-ի տնօրեն Գոհար Գրիգորյանը, ով իր զեկույցում խոսեց իրենց կենտրոնի գործունեության մասին Երևանում և Հայաստանի մարզերում։

Ելույթներով հանդես եկան նաև Գ.Վ. Պլեխանովի անվան Երևանյան մասնաճյուղի դասախոսներ Գ.Բ. Վիրաբյանը, Գ.Ս. Կարակոզովը, ուսանողներ' Շուշան Կոստանյանն ու Արփի Մալխասյանը։

Կլոր սեղանի վերջում ծավալվեց աշխույժ քննարկում և որոշվեց Գ.Վ. Պլեխանովի անվան Երևանի մասնաճյուղում բիզնես ոլորտի ու մասնաճյուղի միջև հանդիպումները դարձնել շարունակական։