Կառավարության ուշադրության կենտրոնում գինեգործության զարգացումն է: Կառավարության այսօրվա նիստում վարչապետը հանձնարարեց  գինեգործության և խաղողագործության ոլորտի արտահանումների ԱԱՀ-ի վերադարձման ժամկետները փոխել՝ ի նպաստ արտահանողների: Ըստ վարչապետի՝ ներկայում արտադրանքի արտահանման ժամանակ ԱԱՀ վերադարձն իրականացվում է 90 օրյա ժամկետում, ինչը կարող է որոշակի դժվարություններ ստեղծել արտահանողների համար:

Ելնելով վերոգրյալից, վարչապետը հանձնարարեց ՊԵԿ նախագահին՝ երկօրյա ժամկետում ուսումնասիրել և կառավարության աշխատակազմ ներկայացնել առաջարկություն խաղողի վերամշակմամբ զբաղվող ընկերությունների կողմից արտահանման դեպքերում ԱԱՀ վերադարձը ավելի կարճ ժամկետներում սահմանելու և կազմակերպելու վերաբերյալ.«Պարո՛ն Հարությունյան, հատուկ ռեժիմ եք սահմանում այս մթերման ժամանակահատվածում, ստեղծել ենք իրենց համար երեք տոկոսանոց դրամային ռեսուրս, որ մթերումը անցկացնենք  արագ և արդյունավետ»,-ասաց Կարեն Կարապետյանը:

Վարչապետը նաև հանձնարարեց ՀՀ Գյուղատնտեսության նախարարին՝ ՊԵԿ-ին ներկայացնել արտահանողների ցուցակը: