Անցյալ տարի հոկտեմբերին Երևանում կայացած Եվրասիական համագործակցության առաջին միջազգային համաժողովից հետո բավականին լուրջ և համակարգված աշխատանք է տարվել հայ և ռուս գործարար շրջանակների միջև՝ արդյունավետ գործնական հարաբերություններ ձևավորելու և զարգացնելու նպատակով:
Այս ընթացքում համաժողովի կազմակերպիչների ակտիվ միջամտության շնորհիվ հայկական մի քանի տասնյակ ընկերություններ գործընկերներ են գտել ռուսական շուկայում և որոշակի համագործակցություն արդեն ձևավորվել է: Բնականաբար, ամեն ինչ չէ, որ հարթ է ընթանում, թեև, հիմնականում համագործակցության օրինակները հաջողված են: Եվրասիական համագործակցության միջազգային համաժողովի կազկոմիտեն ամենօրյա և հետևողական աշխատանք է տանում նպաստելու արդեն կայացած համագործակցության և հնարավոր խոչընդոտների հաղթահարման ուղղությամբ:
Այդ նպատակով Եվրասիական համագործակցության երկրորդ միջազգային համաժողովի նախագահ Արա Աբրահամյանի նախաձեռնությամբ և հրավերով Երևանում է գտնվում Ռուսաստանի Դաշնության Արդյունաբերության և առևտրի փոխնախարար Գլեբ Նիկիտինի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են ռուսաստանյան խոշորագույն արդյունաբերական ձեռնարկությունների և այդ գերատեսչության պատասխատնատու ստորաբաժանումների ղեկավարները: Այսօր առավոտյան «Մարիոթ» հյուրանոցում տեղի ունեցավ հայ և ռուս գործարար շրջանակների ոչ ֆորմալ հանդիպումը, որի ընթացքում քննարկվեցին երկկողմ գործակցության հարցերը:
Հայկական կողմից պատվիրակության ղեկավար ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների փոխնախարար Հովհաննես Ազիզյանի առաջարկությամբ հայ գործարարները ներկայացրեցին ռուսական կողմի հետ իրենց աշխատանքի հաջողված փորձը:
ՌԴ Արդյունաբերության և առևտրի փոխնախարար Գլեբ Նիկիտինն էլ առաջարկեց քննարկել ոչ միայն արդեն գոյություն ունեցող համագործակցության շրջանակներում տեղ գտած դժվարություններն ու հաջողված փորձը, այլև քննարկել այնպիսի նոր նախագծեր և մտահղացումներ, որոնք կարող են հեռանկարային և առավել արդյունավետ լինել երկկողմ համագործակցության ենթատեքստում:
Հայկական կողմից ռուսական շուկայում աշխատող ընկերությունների ներկայացուցիչները ներկայացրեցին իրենց փորձը և մատնանշեցին մի շարք դժվարություններ և խնդիրներ, որոնց լուծումը կնպաստի հետագա առավել արդյունավետ համագործակցությանը: Պայմանավորվածություն ձեռք բերվեց խմբավորել առաջացած հարցերն ու խնդիրները, տրմադրել դրանք համաժողովի կազկոմիտեին և հանդիպման մասնակից կողմերին առաջիկա համաժողովում քննարկման պատրաստելու համար։
Ռուսատանի հայերի միության և Եվրասիական համագործակցության երկրորդ միջազգային համաժողովի նախագահ Արա Աբրահամյանի և ՌԴ արդյուանբերության և առևտրի փոխնախարար Գլեբ Նիկիտինի գլխավորած աշխատանքային խումբն այսօր հանդիպումներ կունենա Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտում և ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունում:
Նախատեսվում են նաև հանդիպումներ տեղեկատվական տեխնոլոգիաների և արդյունաբերության այլ առաջատար ճյուղերի ներկայացուցիչների հետ: