Այսօր Ազգային ժողովում «Ելք» խմբակցության անդամ Էդմոն Մարուքյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ Երևան քաղաքի ավագանու 2-րդ նստաշրջանի 1-ին նիստի ընթացքում տեղի ունեցած միջադեպին՝ նշելով, որ «Ելք» խմբակցության անդամները քաղաքակիրթ մարդիկ են և Հանրապետականի ոճով չեն կարող արձագանքել ավագանու «Հանրապետական» խմբակցության անդամներին։
«Այն ոճով, որով պահում էին իրենց Հանրապետականի անդամները, այդ ոճով մերոնք չէին կարող տեղը դնել նրանց, որովհետև մերոնք ցիվիլ մարդիկ են։ Հենց դա է մեր տարբերությունը»,-ասաց պատգամավորը։
Էդմոն Մարուքյանի խոսքով՝ «Հանրապետական» խմբակցության անդամները պետք է իրենց ներսում քննարկեն կատարվածը. «Պետք է կարգի բերեն իրենց: Դատապարտում եմ նման լկտի վերաբերմունքը և ինչ պետք է, մեր ավագանու ներկայացուցիչները տեղում ասել են։ Ավագանու որևէ անդամ չի կարող իրեն նման կերպ պահել ու տարեց կնոջ՝ այս դեպքում՝ տիկին Բախշյանի մասին նման ձևով խոսել»։
Ի դեպ, թեմայի վերաբերյալ լրագրողների հետ զրույցում Տարոն Մարգարյանը նշել էր. «Ամեն դեպքում, ես կողմնակից եմ, որ մեկը մեկին հարգեն ու իմ հորդորն է եղել ավագանու բոլոր անդամներին, որ մեկը մյուսին հարգեն։ Ես դրա կողմնակիցն եմ, իմ հորդորից հետո տեսաք, որ դահլիճը հանդարտվեց ու նիստը նորմալ ընթացավ»:
Հիշեցնենք, որ ավագանու նիստի ժամանակ «Հանրապետական» խմբակցության անդամ Արմեն Սահակյանը «Ելք» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանին դիմել էր «Անո», «պարոն Բախշյան», ինչն էլ առաջացրել էր «Ելք»-ի անդամներից՝ Ալեն Սիմոնյանի զայրույթը: Վերջինս ավագանուՀՀԿ-ական անդամին հորդորել էր հարգել տիկին Բախշյանին: