«Երեխաս կանգնած՝ երեխայիս աչքի առաջ ինձ ծեծում էին»,- ահազանգում է քաղաքացի Լևոն Գասպարյանը։ Նա «Հրապարակին» պատմեց, որ ինքն ու հայրը ծեծի են ենթարկվել Բավրայի անցակետի մաքսատան աշխատակիցների կողմից։

Գասպարյանը նշեց, որ Վրաստան էր գնացել անչափահաս երեխայի, կնոջ, հոր ու հարևանի հետ։ Վրաստանում գնումներ անելուց հետո նրանք վերադարձել են, Բավրայի մաքսակետում գնացել են յուրաքանչյուր անձի համար թույլատրելի 25 կգ անվճար անցկացվող ապրանքը մաքսազերծելու։

«Պետը կանչեց իր մոտ ու ասում է, որ ես արդեն երեք անգամ անցել եմ անցակետով։ Ուրեմն այդ երեք անգամն այցելել եմ բարեկամիս՝ Ախլաքալաք ու հետս 5 կգ կաղին եմ բերել, ասում եմ է, որ հիմա լրացել է չափը ու պետք է հաշվեն այդ 5 կգ-ը։ Ես էլ ասեցի, ախր ոնց կլինի, հիմա եթե մայրդ կամ քույրդ այդ 5 կգ կաղինը վերցրած լինեին՝ կաների՞ր։ Մեր խոսակցության ժամանակ 67 տարեկան հորս, մաքսատան աշխատակիցները մայլի խուժանների պես կանչեցին դուրս, թե դուրս արի՝ քեզ կասենք, հանեցին դուրս, գցեցին գետնին ու սկսեցին ծեծել։ Ամբողջ տամոժնին ծեծում էր հորս բացի մեկ մարդուց, կխնդրեմ շեշտեիք՝ բացի սմենի պետից բոլորը ծեծել են»,-ասաց Գասպարյանը։

 

Վերջինս նշում է, որ միայն հերթափոխի պետն էր, որ փորձել է դադարեցնել ծեծկռտուքը։ Գասպարյանը նշում է, որ  տեսնելով, թե ինչպես են հորը ծեծում՝ վազել է օգնության  ու խոստովանում է, որ հայհոյել է։ Լևոն Գասպարյանին հիմնականում հարվածներ հասցրել են գլխի հատվածում։

«Երրորդ կարգի հաշմանդամ եմ աչքերիցս, դիմել եմ ոստիկանություն»,-ասաց վերջինս։

Երբ հարցրինք, արդյոք կարող է ասել, թե քանի հոգիի են իրեն ծեծել, ասաց, որ անցակետի գրեթե բոլոր աշխատակիցները՝ բացառությամբ հերթափոխի պետի և միգուցե ևս երկու հոգու։