«Հրապարակ». Ռումբ դնելուց առաջ SMS են ուղարկել
«Հրապարակ» թերթը գրում է. «Վերջին օրերին ՔՊ-ի գրասենյակային տարածքների մոտ ռումբեր էին տեղադրվել. փետրվարի 22-ին ՔՊ խմբակցության անդամ Գուրգեն Արսենյանի ՄԱԿ կուսակցության Արաբկիրի գրասենյակի մոտ ռումբ հայտնաբերվեց, իսկ փետրվարի 26-ին՝ Արսենյանի տարածքի հարեւանությամբ գտնվող ՔՊ գրասենյակի։ Չնայած ռումբի վնասազերծման աշխատանքներից հետո փոխոստիկանապետ Արամ Հովհաննիսյանը հայտարարեց, թե հայտնաբերվածը պայթուցիկ չէ, այլ՝ «մուլյաժ» (կեղծ կաղապար), որը վնասազերծել են, սակայն ՔՊ-ում չեն հավատում այդ վարկածին եւ կարծում են, որ ոստիկանությունը դրանով քողարկում է իր անճարակությունը: Իսկ Արսենյանի ու ՔՊ-ի գրասենյակի մոտ իսկական ռումբ էին տեղադրել։
ՔՊ-ականները մեր մասնավոր զրույցում այս վարկածը հիմնավորում էին նրանով, որ մոտ 15 օր առաջ էլ ՔՊ-ական պատգամավոր Գագիկ Մելքոնյանի տան պարսպի մոտակայքում' Նոյ թաղամասում է ռումբ տեղադրվել, որը մեծ ուժգնության չի եղել, բայց պայթել է' պատճառելով նյութական վնաս։
Եվ մի փաստ էլ կա, որը վկայում է նախապես ծրագրված ակտի մասին. դեռեւս փետրվարի 20-ին Գուրգեն Արսենյանն ու ՊՎԾ պետ, ՔՊ վարչության անդամ Ռոմանոս Պետրոսյանը գրեթե նույնաբովանդակ հաղորդագրություններ են ստացել հեռախոսով. «Դեռ չե՞ք պայթել, այ․․․»: Վիրավորական բովանդակությամբ հաղորդագրությունն Արսենյանն անմիջապես ջնջել է ու չի պատկերացրել, որ դա զգուշացում է' իրեղեն ապացույց, միայն երկու օր անց այցելելով իր գրասենյակ՝ տեսել է, որ պահակը կասկածելի իր է հայտնաբերել, եւ այդ ժամանակ է հասկացել, թե ինչ էր գրել անհայտ անձը, ու ահազանգել է իրավապահներին: Ռոմանոս Պետրոսյանն իր ստացած հաղորդագրությունն ուղարկել է ԱԱԾ:
Իրավապահները մի քանի օր ՔՊ տարբեր գրասենյակներում փնտրել են ռումբը' չեն հայտնաբերել, միայն փետրվարի 26-ին Արաբկիրի գրասենյակի մաքրուհին է հայտնաբերել ու ահազանգել ոստիկանություն։ ՔՊ-ում կարծում են, որ ոստիկանության անգործությունը պարտակելու նպատակով են հայտարարել, թե ռումբն իսկական չի եղել։ Գուրգեն Արսենյանը մեզ հետ զրույցում հաստատեց, որ ե՛ւ ինքը, ե՛ւ Ռոմանոս Պետրոսյանը նման հաղորդագրություններ են ստացել, իսկ Մելքոնյանի տան մոտ նման պայթյուն է եղել»: